Երևանի ու Թբիլիսիի ուղերձը Էրդողանին և Պուտինին
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան զտարյուն կովկասյան հովվաշան ձագ է նվիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Վրաստան կատարած նրա այցի ընթացքում:
Այդ նվերը թերևս հնարավոր է դիտարկել հայ-վրացական հարաբերության առանձնահատուկ ջերմության և նշանակալիության վկայություն, ինչը կարող է անշուշտ լինել միայն ու միայն ողջունելի և ոգևորիչ հանգամանք: Այդ հանգամանքը առավել ևս կարևոր նշանակություն ունի մարտի 5-ին ընդառաջ, երբ սպասվում է մեկ այլ այց՝ Էրդողանի այցը Մոսկվա, որտեղ Թուրքիայի նախագահը Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու է Պուտինի հետ դեմ առ դեմ: Իսկ խոսքը ռուս-թուրքական ռազմական բախման մասին է, որն անկասկած լոկ Իդլիբին առնչվղ հարց չէ:
Ռազմական բախում է տեղի ունենում Իդլիբում, բայց դրա շուրջ ռուս-թուրքական օրակարգը անշուշտ ներառում է հարցերի լայն շրջանակ, որոնց «բազային» գոտին իրականում Կովկասն է: Բանն այն է, որ այստեղ է ռուսական և թուրքական արտաքին քաղաքականության «ալմա մատերը», իհարկե պայմանականորեն: Կովկասի իրավիճակով է ձևավորվում կամ իմաստավորվում այդ երկրների արտաքին քաղաքականության առանցքային ծանրությունն ու տրամաբանությունը: Այդ իմաստով, Մոսկվայում ռուս-թուրքական վեհաժողովից առաջ Վրաստանում հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպումն ու ջերմության դրսևորումը՝ զտարյուն կովկասյան հովվաշան տեսքով, ունի թերևս թե քաղաքական, թե խորհրդանշական առանձնահատուկ իմաստ:
Հայաստանն ու Վրաստանն ըստ ամենայնի ընդգծում են Կովկասում սեփական դիրքերի ամրությունը և այդ հարցում գործակցության հաստատակամությունը: Իսկ բանն այն է, որ ռուս-թուրքական դիրքերը Կովկասում «ավանդաբար» գծվել են հենց Հայաստանի և Վրաստանի հաշվին, և հաճախ նաև հայ-վրացական հակադրություն խթանելու կամ սերմանելու հաշվին, դրա միջոցով: Դա խոշոր հաշվով ռուս-թուրքական հարաբերության պարզաբանման «բազային սխեման» է:
Երևանն ու Թբիլիսին մարտի 5-ին ընդառաջ փաստորեն ցույց են տալիս, որ այդ սխեման գործել չի կարող, և հետևաբար, եթե Ռուսաստանն ու Թուրքիան ունեն հարաբերությունը կարգավորելու և բախումը դադարեցնելու ցանկություն՝ ինչին Վրաստանն ու Հայաստանը ամենևին դեմ չեն լինի, այդուհանդերձ պետք է գտնեն այդ ցանկությունը բավարարելու այլ «սխեմաներ» ու «բանաձևեր», հրաժարվելով դա Հայաստանի ու Վրաստանի, և այդ թվում հայ-վրացական հակադրություն խթանելու հաշվին անելու «վտանգավոր սովորությունից»:
1in.am