Արման Թաթոյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումները
https://parstoday.ir/hy/news/armenia-i117860-Արման_Թաթոյանն_ու_ԵԽ_գլխավոր_քարտուղարը_քննարկել_են_ՀՀ_ում_դատաիրավական_բարեփոխումները
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 5-ին Ստրասբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 05, 2020 18:12 Asia/Tehran
  • Արման Թաթոյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումները

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 5-ին Ստրասբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: 

Հանդիպմանը քննարկվել է ինչպես Հայաստանում ներկայում տեղի ունեցող իրադարձություններին, այնպես էլ առհասարակ երկրի մարդու իրավունքների պաշտպանության համակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Մասնավորապես, քննարկվել են դատաիրավական բարեփոխումները Հայաստանում, խոշտանգումների դեմ պայքարն ու կանխարգելումը, փակ հաստատություններում վատ վերաբերմունքի կանխարգելումը և Մարդու իրավուքների պաշտպանի գործունեությունն այս ոլորտում:

Առանձին անդրադարձ է կատարվել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը, զինծառայողների ընտանիքների իրավունքներին, զինված ուժերում կանանց դերի բարձրացմանը: Արման Թաթոյանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի և Պաշտպանության նախարարության գործընկերությամբ Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանում իրականացվող ծրագիրը:

Հանդիպմանը քննարկվել են կանանց ու երեխաների իրավունքներին, նրանց նկատմամբ բռնության կանխարգելմանը, հասարակությունում կանանց շարունակական ներգրվամանը վերաբերող հարցեր:

Քննարկվել է նաև սոցիալական մեդիայում վիրավորող և արժանապատվությունը նվաստացնող խոսքին վերաբերող խնդիրներ, հանրային իրազեկումների ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Գլխավոր քարտուղարը կարևորել է Եվրոպայի խորհրդի համագործակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի հետ և բարձր գնահատել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի դերը մարդու իրավունքների պաշտպանության ու երկրի իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման հարցում:

Armenpress.am