Եվրախորհրդարանի պատգամավորներն Իսրայելին մեղադրում են Գազայում ցեղասպանության մեջ
Եվրախորհրդարանում սոցիալիստների, ձախերի և «կանաչների» խմբակցությունների ղեկավարները նամակ են հղել Եվրամիության ղեկավարությանը՝ Իսրայելին մեղադրելով Գազայի հատվածում ցեղասպանության մեջ և պահանջելով ԵՄ-ի կողմից շուտափույթ միջոցներ ձեռնարկել հրեական պետության նկատմամբ:
Այս մասին հաղորդել է եվրոպական POLITICO հրատարակությունը:
«Իրավիճակն այլևս չի կարող համարվել պարզապես արտակարգ. գոյություն ունեն անհերքելի ապացույցներ, որ Գազայում կատարվում է ցեղասպանություն։ Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական խորհուրդը մինչ օրս չեն կարողացել արձագանքել այն հրատապությամբ և վճռականությամբ, որոնք թելադրում են մեր պայմանագրերը, արժեքները և պարտավորությունները», - ասված է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային ուղղված նամակում:

Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվածների թիվն, ըստ տեղի իշխանությունների, 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր գերազանցել է 61 000-ը, տուժել է ավելի քան 150 000 մարդ:
Սովից և թերսնուցումից մահացածների թիվը հասել է 188-ի, նրանց թվում կա 94 երեխա։