Կառավարությունը որոշում ընդունեց. Հայաստանում այսօրվանից շուրջ մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարվում
ՀՀ կառավարության արտահերթ նիստը շարունակվեց:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման նախագծում որոշ խմբագրումներ են արվել: Նախ՝ փոխվել է արտակարգ դրություն հայտարարելու ժամը. համաձայն խմբագրված տարբերակի՝ արտակարգ դրություն է հայտարարվելու այսօր՝ ժամը 18:30-ից՝ նախկին 17:00-ի փոխարեն: Նաև հստակեցվեց այն անձանց շրջանակը, ում Հայաստան մուտքի ու ելքի իրավունք կտրվի:
ՀՀ բոլոր քաղաքացիների՝ Հայաստան մուտքը թույլատրվում է, նրանց ընտանիքի բոլոր անդամներին՝ անկախ քաղաքացիությունից, մուտքը թույլատրվում է, ՀՀ քաղաքացի չհանդիսացող, օրինական հիմքով բնակվող անձանց մուտքը թույլատրվում է: ՀՀ քաղաքացիներին օդային ճանապարհով ելք թույլատրվում է բոլոր այն դեպքերում, երբ ընդունող երկիրը դեմ չէ նրանց ընդունել, օտարերկրյա քաղաքացիներին օդային ճանապարհով թույլատրվում է ելքը, ցամաքային ճանապարհով չի թույլատրվում: ՀՀ տարածք մուտքը, եթե բեռնափոխադրում իրականացնող մարդու մասին չէ խոսքը, թույլատրվում է միայն օդային ճանապարհով:
Նախարարը տեղեկացրեց՝ կարող է սահմանափակվել որոշ ապրանքների կամ դրանց առանձին խմբաքանակների արտահանումը Հայաստանից, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ կամ դրանց ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
Զանգվածային միջոցառումների մասին՝ արգելվում է 20 հոգուց ավելի անձանց մասնակցություն այն տարածքներում, որտեղ պարեկը կգնահատի, որ համաճարակային իրավիճակ է:
Կառավարությունն ընդունեց որոշումը: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 09:00-ն ներառյալ՝ ժամկետով հայտարարվում է արտակարգ դրություն:
Նշենք, որ այսօր՝ նախագծի տեքստի հրապարակումից հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։
Ի դեպ, վարչապետը հորդորեց, որ ԼՂ-ից Հայաստան, Հայաստանից ԼՂ-ի ուղևորվեն միայն բացառիկ անհաժեշտության դեպքում: Անցագրային կետերում ուղևորների ջերմաչափում կիրականացվի:
shantnews.am