Փաշինյանը նշեց Սահմանադրության փոփոխության հանրաքվեի անցկացման նոր ժամկետները
https://parstoday.ir/hy/news/armenia-i118306-Փաշինյանը_նշեց_Սահմանադրության_փոփոխության_հանրաքվեի_անցկացման_նոր_ժամկետները
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չի կարող կայանալ հայտարարված արտակարգ դրության պայմաններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2020 16:11 Asia/Tehran
  • Փաշինյանը նշեց Սահմանադրության փոփոխության հանրաքվեի անցկացման նոր ժամկետները

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չի կարող կայանալ հայտարարված արտակարգ դրության պայմաններում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արյուսակ Ջուլհակյանի հարցին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ օրենսդրության համաձայն՝ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող: Հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրաքվեի գործընթացը կսկսվի այն կետից, որտեղ, որ ավարտվել էր»,- ասաց Փաշինյանը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն պետք է տեղի ունենար ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել էր փետրվարի 17-ին:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը:

«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, մեկուսացված է ավելի քան 300 հոգի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:

Armenpress.am