Հայաստանը պատրաստ է հնարավորության սահմաններում օգնություն ցույց տալ ԵԱՏՄ գործընկերներին. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i119276-Հայաստանը_պատրաստ_է_հնարավորության_սահմաններում_օգնություն_ցույց_տալ_ԵԱՏՄ_գործընկերներին._Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց Հայաստանի կողմից հնարավորության դեպքում օգնություն ցույց տալ Եվրասիական տնտեսական միության անդամ գործընկեր երկրներին` կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց ապրիլի 10–ին ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2020 11:36 Asia/Tehran
  • Հայաստանը պատրաստ է հնարավորության սահմաններում օգնություն ցույց տալ ԵԱՏՄ գործընկերներին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց Հայաստանի կողմից հնարավորության դեպքում օգնություն ցույց տալ Եվրասիական տնտեսական միության անդամ գործընկեր երկրներին` կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց ապրիլի 10–ին ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում։

«Հայաստանը պատրաստ է իր հնարավորությունների սահմանում օգնություն ցույց տալ ԵԱՏՄ իր գործընկերներին։ Վստահ եմ, որ ԵԱՏՄ–ում մենք պարտավոր ենք համախմբել մեր ջանքերը համավարակի դեմ պայքարում։ Մենք պետք է ամրացնենք մեր միությունը, նույնիսկ համավարակի պարագայում։ Պետք է ապացուցենք մեր միության կենսունակությունը ճգնաժամի պայմաններում։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ապահովել ԵԱՏՄ շրջանակներում ազատ առևտրի ռեժիմի անխափան գործունեությունը։ Անընդունելի է ապրանքների և ծառայությունների շարժի սահմանափակումը ԵԱՏՄ ներսում, նույնիսկ` համավարակի պայմաններում։ Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել բեռնափոխադրումների անխափան իրականացման համար»,– ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնությանը` Հայաստանին ցուցաբերած օպերատիվ աջակցության համար։

«Համավարակի դեմ պայքարում մենք համագործակցում ենք մեր հիմնական միջազգային գործընկերների հետ, և, առիթից օգտվելով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուս գործընկներներին` օպերատիվ օգնության և արդյունավետ փոխգործակցության համար»,– նշեց վարչապետը։

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը:

Հայաստան բերված շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդ, PCR) անալիզ: COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և ախտահանման համակարգով համալիրը հնարավորություն ունի ծավալվել և 45 օր առանց արտաքին շրջապատի հետ շփման կատարել առաջադրված խնդիրը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն անցկացվում է տեսակոնֆերանսի միջոցով` աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով։ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը պետք է անցկացվեր Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում։

https://armenpress.am/arm/news/1011750.html