Հայաստանն ի զորու է ունենալ արհեստական արբանյակ․ անվտանգության առումով կարևոր է
https://parstoday.ir/hy/news/armenia-i119355-Հայաստանն_ի_զորու_է_ունենալ_արհեստական_արբանյակ_անվտանգության_առումով_կարևոր_է
Երկրի արհեստական արբանյակներ արձակվում են մթնոլորտի շերտերի կառուցվածքի, նրանցում տեղի ունեցող երևույթների, տիեզերական ճառագայթների, մագնիսական դաշտի, Երկրի ձևի ու չափերի, զանգվածի բաշխվածության և այլ հարցերի ուսումնասիրման, միջմոլորակային ճանապարհորդությունների նախապատրաստման նպատակով։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 14, 2020 07:48 Asia/Tehran
  •   Հայաստանն ի զորու է ունենալ արհեստական արբանյակ․ անվտանգության առումով կարևոր է

Երկրի արհեստական արբանյակներ արձակվում են մթնոլորտի շերտերի կառուցվածքի, նրանցում տեղի ունեցող երևույթների, տիեզերական ճառագայթների, մագնիսական դաշտի, Երկրի ձևի ու չափերի, զանգվածի բաշխվածության և այլ հարցերի ուսումնասիրման, միջմոլորակային ճանապարհորդությունների նախապատրաստման նպատակով։

Օգտագործվում են հեռուստատեսային, հեռագրային ու հեռախոսային կապի, եղանակի կանխատեսման, նավերի ու ինքնաթիռների կողմնորոշման, ինչպես նաև ռազմական նպատակներով։ Արհեստական արբանյակները ուղեծիր են դուրս բերվում տիեզերական հրթիռների օգնությամբ։ Մինչև 1975 թվականը արձակվել է մոտ 2000 արհեստական արբանյակ։

Արբանյակները երկնային մարմիններ են, որոնք պտտվում են որոշակի հետագծով ավելի խոշոր երկնային մարմինների շուրջը: Դրանք լինում են բնական և արհեստական։ Արհեստական արբանյակները ստեղծել է մարդը: 1957 թ-ի հոկտեմբերի 4-ին Խորհրդային միությունը երկրամերձ ուղեծիր դուրս բերեց Երկրի առաջին արհեստական արբանյակը, որը ոչ մեծ փայլուն մի գունդ էր՝ արտաքին 4 անտենաներով:

Այսօր արդեն Երկրի շուրջը պտտվում են հազարավոր արհեստական արբանյակներ: 2018թ վերջի տվյալով՝ աշխարհի գրեթե հարյուր երկիր ու միջազգային կազմակերպություններ սեփական ռազմական կամ տնտեսական խնդիրներ լուծող արհեստական արբանյակներ ունեն Երկիր մոլորակի ուղեծրում։ UCS Satellite-ի տվյալներով՝ տիեզերքում ամենից շատ արհեստական արբանյակ ունեցող երկիրը ԱՄՆ է՝ 830 արբանյակ, երկրորդ տեղում է Չինաստանը, երրորդում՝ Ռուսաստանը։

2018 թ-ի տվյալներով` տիեզերքում ամենից շատ արբանյակ ունեցող երկրների պատկերը հետևյալն է.

ԱՄՆ – 830, Չինաստան – 280, Ռուսաստան – 147, Ճապոնիա – 75, Միացյալ Թագավորություն – 54, Հնդկաստան – 54, Կանադա – 37, Լյուքսեմբուրգ – 33, Գերմանիա – 29, Իսպանիա – 17, Արգենտինա – 14։

Հայաստանը մինչ օրս որևէ արհեստական արբանյակ չունի։ Պատճառները բազմաթիվ են՝ սկսած օբյեկտիվից վերջացրած սուբյեկտիվով։ «Առաջին լրատվական»-ը թեմայի վերաբերյալ զրուցեց Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, աստղաբան Արեգ Միքայելյանի հետ։

Գիտնականի խոսքերով՝ շատ դեպքերում երկրների կողմից արբանյակների արձակումը տիեզերք հայտ է տիեզերական պետություն կոչվելու համար։ «Իրենք գիտական լուրջ խնդիրներ չեն լուծում, չեն էլ կարող լուծել։ Հիմա  կան շատ էժան արբանյակներ, նույնիսկ մի քանի տասնյակ հազար դոլար արժողությամբ։ Լուրջ արբանյակը արժե մոտ 250 մլն դոլար։

Դե պատկերացրեք, որ կան շատ էժան արբանյակներ, որոնք կոչվում են մանրաարբանյակներ կամ խորանարդ արբանյակներ»,- նշեց աստղաբանը։

Միքայելյանը օրինակ բերեց մեր հարևան Ադրբեջանին, որն ունի երեք արհեստական արբանյակ, սակայն դրանց կյանքի տևողությունը շատ երկար չի կարող լինել և մեծ խնդիր չի կարող լուծել։ Արհեստական արբանյակները կարող են օգտագործվել տարբեր նպատակներով՝ անվտանգության, օդերևութաբանության, կապի, լրտեսական և այլն։

Ադրբեջանի դեպքում արբանյակները օգտագործվում են նաև Արցախի ու Հայաստանի սահմանի ռազմական օբյեկտների տեսանկարահանման, լրտեսական և այլ նպատակներով։

Մեր զրուցակցի խոսքերով՝ մենք ևս կարող ենք ունենալ այդպիսի արբանյակներ։ Աստղաբանի խոսքերով՝ Հայաստանը դեռ պատրաստ չէ տիեզերական պետություն դառնալուն։ «Հիմա կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով գոյություն ունի, որտեղ քննարկումներ են իրականացվում։ Հանձնաժողովում ընդգրկված են բարձր տեխնոլոգիաների նախարարության, պաշտպանության նախարարության, անվտանգության խորհրդի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Արդեն ընդունվել է «Տիեզերքի մասին» օրենքը, ու հիմա մշակվում է ռազմավարությունը։ Քննարկում ենք, որ գուցե Հայաստանը զուգահեռաբար արձակի արբանյակ հայտ ներկայացնելու համար»,- տեղեկացրեց աստղադիտարանի տնօրենը։ Դեռևս որոշում չկա արհեստական արբանյակ արձակելու վերաբերյալ, քանի որ հանձնաժողովի աշխատանքներն այս պահին դադարեցված են՝ պայմանավորված երկրում կորոնավիրուսային համավարակի տարածմամբ։

Աստղադիտարանի տնօրենի խոսքերով՝ այս տարիներին ոլորտի նկատմամբ անուշադրությունը, արհեսատական արբանյակներ չունենալու պատճառները տարբեր են, միայն ֆինանսական չէ եղել խնդիրը։ «Մի քանի պատճառ կարող եմ նշել։ Նախ նշեմ, որ Հայաստանում առաջիններից մեկն էր, որ զարգացավ տիեզերական հետազոտությունները։ Դա հենց մեր աստղադիտարանի հետ էր կապված։ Մեր Գրիգոր Գուրզադյանը, Վիկտոր Համբարձումյանը կարողանում էին Հայաստանում իրականացնել տիեզերական մի շարք ծրագրեր։ «Օրիոն 1» և «Օրիոն 2» տիեզերական աստղադիտարանները, որոնք ուղարկվեցին խորհրդային տիեզերանավերի վրա, առաջիններից էին։ Դա Խորհրդային միության նվաճումներից մեկն էր։ Էլ չեմ ասում՝ կատարվել են բազմաթիվ կենսաբանական հետազոտություններ, տիեզերքում միկրոօրգանիզմներ են հետազոտվել։ Տիեզերական կենսաբանության հիմնադիրը նույնպես մեր հայրենակից Նորայր Սիսակյանն է եղել։ Անուններ շատ կարող եմ նշել։ Հայերը մասնակցել ու շատ ակտիվ են եղել մինչև Խորհրդային միության փլուզումը։ Բնական է, որ դրանից հետո, 90-ականներին գիտությունը երկրորդ պլան մղվեց։

Իշխանություններին պետք է մեղադրել դրանում։ Եթե երկրում տնտեսական վիճակը լավ չէ, չի նշանակում, որ գիտությունը պետք է երկրորդ պլան մղել, կամ չունենալ գիտություն»,- ընդգծեց Արեգ Միքայելյանը։

Անկախության տարիները, մեր զրուցակցի խոսքերով, գիտնականների ու գիտության համար հիասթափության տարիներ էին։ «Նոր սկսել են ինչ-որ չափով գիտությամբ հետաքրքրվել։ Իսկ տիեզերագիտությունը պարզ է, որ մեծ ներդրումների, տեղեկատվական տեխնոլոգիաների հետ է կապված։ 2000-ականները ևս պասիվ էր այդ առումով։ Այն ժամանակ, երբ Հայաստանը միացավ ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովին, նոր սկսվեցին խոսակցությունները, ստեղծվեց հանձնաժողով, և արդեն ավելի լուրջ մոտեցում է ցուցաբերվում գիտությանը։ Դեռ ռեալ գործունեություն չի սկսվել, բայց հուսով եմ, որ կսկսվի»,- մանրամասնեց Արեգ Միքայելյանը։ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, աստղաբան Արեգ Միքայելյանը համոզված է՝ Հայաստանի վարկանիշը գիտության ոլորտում շատ բարձր է եղել ու շարունակում է մնալ։ Ոչ մի այլ ոլորտով Հայաստանն այդքան հպարտանալու բան չունի, որքան գիտությամբ, վստահ է Արեգ Միքայելյանը։

1in.am