Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի գործընկերոջ հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i119676-Զոհրաբ_Մնացականյանը_հեռախոսազրույց_է_ունեցել_Հնդկաստանի_գործընկերոջ_հետ
Ապրիլի 21-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2020 08:44 Asia/Tehran
  • Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի գործընկերոջ հետ

Ապրիլի 21-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ:

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մարտահրավերներին և դրա հետևանքով սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերին: Նախարար Մնացականյանն իր զորակցությունը հայտնեց Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ համավարակի և դրա հետևանքների շուտափույթ հաղթահարման գործում:

Երկուստեք կարևորվեց համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ փոխօգնության, փորձի փոխանակման և քաղաքացիների և հատկապես՝ ուսանողների՝ իրենց հայրենիք անարգել ու ապահով տեղափոխման ուղղությամբ: Զոհրաբ Մնացականյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց Հնդկաստանի իշխանություններին առողջապահական և այլ ոլորտներում ցուցաբերած աջակցության համար:

Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին նաև երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի` վերահաստատելով երկկողմ պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թիրախային ոլորտներում և գործնական քայլեր ձեռնարկելու հայ-հնդկական կապերի հետագա աշխուժացման համար:

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի շուրջ:

1in.am