Ապրիլի 24-ին կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի անմար կրակի մոտ. Ավինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i119680-Ապրիլի_24_ին_կառավարությունը_105_հազար_ծաղիկ_կխոնարհի_անմար_կրակի_մոտ._Ավինյան
Ապրիլի 24-ին մեր բոլորի անունից կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի հուշահամալիրի անմար կրակի մոտ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա մասնավորապես նշել է.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2020 10:33 Asia/Tehran
  • Ապրիլի 24-ին կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի անմար կրակի մոտ. Ավինյան

Ապրիլի 24-ին մեր բոլորի անունից կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի հուշահամալիրի անմար կրակի մոտ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը և ամբողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Տասնամյակներ շարունակ հազարավոր մարդիկ՝ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այդ օրն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Բոլորիս համար արարողությունը հիշատակի, պահանջի ու վերածննդի նշանակություն ու խորհուրդ ունի:

2020թ․ ապրիլյան այս օրերին մենք պայքարում ենք համաշխարհային նոր մարտահրավերի՝ կորոնավիրուսի դեմ, որը հաղթահարելու և մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար կիրառվող առողջապահական սահմանափակումները ստիպում են մեզ նոր միջոց գտնել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։

Այսպիսով, այս տարի մնում ենք տանը և չենք այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր, բայց մեր խորհրդանշական ներկայությունը ապահովելու համար կատարում ենք հետևյալ քայլերը:

Ապրիլի 23-ին, ժամը՝ 21:00, եկեղացական զանգերի ղողանջի ներքո մարում են Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը: Կոչ եմ անում մարել նաև Ձեր բնակարանների լույսերը ու պատուհանի մոտ միացնել հեռախոսների լապտերների լույսը: Այս գործողությունն իր խորհրդանշական արձագանքը կստանա Ծիծեռնակաբերդից, որին կարող եք հետևել Հանրայինի ուղիղ եթերով կամ հայացքները սևռելով դեպի հուշահամալիր:

Ապրիլի 24-ին մեր բոլորի անունից կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Նույն օրը ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500 համարին արտասահմանից՝ հաստատելու իրենց հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին: Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին:

Նշեմ նաև, որ մինչև ապրիլի 25-ը ժամը 23:59-ը ներառյալ անվտանգության և կազմակերպչական նկատառումներից ելնելով Ոստիկանությունը փակելու է դեպի Ծիծեռնակաբերդ մուտքը: Շնորհակալություն ձեր աջակցության, կարգապահության և պատասխանատվության համար»:

Verelq.am