Ինչո՞ւ է լռում վարչապետը
Արդեն մի քանի ժամ է, ինչ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ ղարաբաղյան հարցի փուլային տարբերակի ուղղությամբ՝ շուրջ մեկ տարի ընթացող բանակցությունների մասին, փոթորկել է մեր հանրային ողջ տիրույթը, մարդիկ անհանգստացած են ու զայրացած։
Քաղաքագետները, վերլուծաբանները, փորձագետները, քաղաքական ու հասարակական գործիչները տարաբնույթ մեկնաբանություններ են անում, իշխանություններից պատասխան պահանջում, իսկ վարչապետը քար լռություն է պահպանում։
Զոհրապ Մնացականյանի պարզաբանումը շատ կծկտուր էր ու երկչոտ, նրա պարզաբանումներն առանձնապես վստահություն չեն ներշնչում, ու ինքն այն քաղաքական կշիռը չունի, որ նրա խոսքը լսեն ու հանգստանան։
Ամեն պատեհ ու անպատեհ առիթով վարչապետը «լայվ» է մտնում, ի՞նչ է․ Արցախի հարցն այն հարցը չէ՞, որ «լայվ» մտներ ու փարատեր հանրության կասկածները։ Չէ՞ որ Փաշինյանը լիովին տիրապետում է բանակցային բոլոր նյութերին ու լրացուցիչ քննարկման հարկ չկար թիմակիցների հետ, որ դրանից հետո նոր արտահայտվեր։ Ու երբ էլ գլխի ընկնի, որ պետք է արտահայտվի, արդեն կարելի է համարել ուշացած։
Այս նույն ժամերի ընթացքում Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մի քանի նյութեր է տեղադրել ու մեկնաբանություններ արել, որոնք իրենց կարևորությամբ ոչ մի աղերս չունեն ղարաբաղյան հարցի կարգավորման հետ։ Եթե անգամ Լավրովի հայտարարությունում ինչ որ թյուրիմացություն կամ տարընթերցում կար, ավելի լավ է վարչապետը փարատի կասկածները, քանի որ Լավրովը սովորական երկրի հասարակ նախարար չէ։ Նա մեր ռազմավարական դաշնակից երկրի ԱԳ նախարարն է, Մինսկի խմբի համանախագահ երկրի նախարարը, մեր արտաքին սահմանները պահող երկրի նախարարը, մեր երկրի ռազմավարական նշանակության կարևորագույն օբյեկտների սեփականատեր երկրի նախարարը, մեր երկրում ռազմաբազա ունեցող երկրի նախարարը, ու նրա ասածն անտեսելը ավելի մեծ անհանգստություն է առաջացնում մեր հանրության շրջանում։
Դե, հասկանալի է, «լայվ» չես մտնի ու Լավրովին դասակարգի հեղափոխական իշխանություններից հիասթափվածների շարքին ու քամահրանքով հանգիստ նստեցնի տեղը։
Փաշինյանի այս լռությունն առավել վտանգավոր է դառնում հատկապես այն առումով, որ մինչ այս պահն էլ կասկածներ կային, որ վարչապետը բանակցում է ազատագրված տարածքները հանձնելու ուղղությամբ ու նաև ղարաբաղյան հարցի փուլային տարբերակի շուրջ։ Առավելևս սա վտանգավոր է դառնում, երբ Արցախի որոշ գործիչներ խոսելով այն մասին, որ Փաշինյանին պետք էր իր համար հլու-հնազանդ նախագահ լիներ Արցախում, որպեսզի կարողանար Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ ոչ հայանպաստ լուծումը պարտադրել նաև Արցախին, հիմա դա էլ կատարվեց ու նախագահ ընտրվեց Փաշինյանի դրածոն։
Ու ոչ մի կերպ Փաշինյանը չի կարող խուսափել բացատրություն տալուց, թե իբր տրամաչափի հարց է, ԱԳ նախարար Լավրովի ասածին պարզաբանում է ներկայացրել ԱԳ նախարար Մնացականյանը։ Եթե վարչապետն այդպես հիերարխիկ համակարգի ջատագով լիներ ու տրամաչափերը հաշվի առներ, ապա ամենաանկարևոր հայտարարություններն իր անունից չէր անի. հազիվ թե որևէ սպասարկման կենտրոնի հեռախոսահամարը հնչեցնելը վարչապետի կալիբրի գործ է։ Այնպես որ խուսափելն ավելի է խորացնելու կասկածները, իսկ այն, որ Արցախի հարցում ցանկացած զիջման գնացող իշխանավոր անմիջապես գահընկեց կարվի, կասկածից վեր է։
Դե ինչ, հետադարձ հաշվարկը սկսված է, չպետք է չարաշահել մեր հանրության համբերությունը։ Սա այն ազգն է, որ երկրաշարժի ժամանակ քանդված շենքի տակից հանած մարդը ԽՍՀՄ նախագահ Գորբաչովի վրա գոռում էր, թե Արցախի հարցը ինչո՞ւ չեք լուծում։ Հարկ է չմոռանալ դա։
tert.am