Կորոնավիրուսային հիվանդության աճի տեմպը վերջին օրերին գրեթե նույնն է. Թորոսյան
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության աճի տեմպը վերջին օրերին գրեթե նույնն է՝ 3-5 տոկոսի սահմաններում, սակայն որոշակիորեն հաջողվել է հարթեցնել աճի կորը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Վերջին օրերին հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5% սահմաններում: Աճի կորի հարթեցումը մեզ որոշակիորեն հաջողվել է: Որոշակիորեն հաջողվել է ժամանակ շահել և վերադասավորվել` հիվանդության դեմ պայքարի ավելի կազմակերպված համակարգ ունենալու համար»-գրել է նախարարը:
Նա շեշտել է, որ այդ ջանքերը դեռ պետք է շարունակվեն: Եվ դրանք պետք է լինեն կոլեկտիվ` բոլորի կողմից: Նախարարը հիշեցրել է՝ պետք է շարունակենլ պահպանել հեռավորությունը միմյանց միջև, ձեռքերը հաճախ ախտահանել, փակել բերանը դիմակով, երբ հնարավոր է:
«Սահմանափակումների թուլացմանը զուգընթաց, մենք առավել մեծ անձնական պատասխանատվություն պետք է դրսևորենք վարակի տարածումը կանխարգելելու համար:Սահմափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս վտանգ չկա վարակվելու և վարակելու ուրիշներին, հատկապես մեր տարեց և քրոնիկական հիվանդություններով հարազատներին, մեր հայրերին և մայրերին, մեր տատիկներին և պապիկներին»,-նշել է Թորոսյանը:
Ապրիլի 21-ին նախարարը հայտնել էր, որ վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող են արձանագրել, որ առկա էաճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում:
Հայաստանում ապրիլի 28-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1867 է, արձանագրվել է մահվան 30 դեպք:Կորոնավիրուսից բուժվածների թիվը դարձել է 866։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 971 պացիենտ: