ՀԱԷԿ-ն աշխատելու է բնականոն, անվտանգ ռեժիմով, էլեկտրաէներգիան արտադրվելու է նախատեսված ծավալներով
Էներգետիկները հայտնի անեկդոտ ունեն. «Wikipedia»—ն ամեն ինչ գիտի, «Google»—ն ամեն ինչ կգտնի, «Facebook»—ը ճանաչում է բոլորին, սակայն այս ամենը ոչինչ են առանց էլեկտրականության...
Համավարակից պաշտպանվելու համար մեկուսացման, սահմանափակումների այս օրերին մենք տանից ե՛ւ հեռավար աշխատեցինք, ե՛ւ երեխաները հեռավար կրթություն ստացան, ե՛ւ զանազան վճարումներ արեցինք։ Եվ այս ամենն այն բանի շնորհիվ, որ մեր երկրի էներգետիկներն անդադար ռեժիմով աշխատեցին։ Այսպիսի բան հետանկախական տարիներին երազել անգամ չէինք կարող։
Ու քանի որ մեր երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի 1/3—ը հայկական ԱԷԿ—ից ենք ստանում, բնականաբար, այս ամբողջ ընթացքում մեր ուշադրությունն առավելապես կենտրոնացած էր հենց այս արտադրական ձեռնարկության վրա։ ԱԷԿ—ը կարանտինի այս պայմաններում աշխատեց անխափան՝ բավականաչափ խստացնելով բոլոր միջոցառումները՝ աշխատակիցների շրջանում վիրուսի ներթափանցումը թույլ չտալու համար։ Եվ հաջողեց. այսօրվա դրությամբ ոչ մի վարակակիր չկա։
Հիմա՝ ինչպե՞ս է ԱԷԿ—ը դուրս գալու կարանտինի շրջանից։ Քանի որ երեկ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի՝ էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանը այցելել էր ԱԷԿ, փորձեցինք պարզել նպատակը եւ ստանալ մեր հարցի պատասխանը։ «Ես ամեն շաբաթ այստեղ եմ, հեթական աշխատանքային խորհրդակցություն է՝ կապված գծերի տեղափոխության եւ նոր ենթակայանին միանալու հետ»,– ասաց նա։ Իսկ ԱԷԿ—ը մայիսի 4—ից սկսած փուլային դուրս է գալիս կարանտինի շրջանից։ Այն աշխատակիցները, ովքեր տանն էին, արդեն վերադարձել են։ Մոտ 1000 հոգի արդեն գալիս է աշխատանքի։ Դեռ հեռավար աշխատողներ էլ կան։ Թե ամբողջությամբ երբ դուրս կգա կայանը սահմանափակումներից, ընթացքը ցույց կտա։ Ըստ անհրաժեշտության՝ բոլոր նորմերը խստագույնս պահպանելով։ «Դրանք, ի դեպ, հիմա էլ են պահպանվում,–ասաց նախարարի տեղակալը,–նույնիսկ ինձ թույլ չտվեցին առանց դիմակի կայանի տարածք մտնել»։
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը տեղեկացրեց, որ կարանտին հայտարարելու պահից սկսած հայկական ԱԷԿ—ում ստեղծվել է օպերատիվ արձագանքման շտաբ եւ ընդունվել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիր։ Շտաբը հատուկ ուշադրություն է դարձրել նախամուտքին եւ ծառայողական սենյակներին։ Մասնավորապես՝ նախամուտքում հատակին գծանշումներ են արվել՝ սոցիալական հեռավորությունը ապահովելու նպատակով։ Միջոցառումները սկսվել են նախքան կայան ժամանելը. աշխատակիցներին ԱԷԿ բերող միկրոավտոբուսը փոխարինվել է ավելի մեծ տարողության ավտոբուսով, որում ուղեւորները կարող են պահպանել սոցիալական հեռավորությունը։
Կայան ժամանելիս, նախամուտքում յուրաքանչյուր աշխատակից պարտադիր ջերմաչափվել է, եւ եթե աշխատակցի ջերմությունը 37—ից բարձր է, ապա նրան չի թույլատրվել մուտք գործել կայանի տարածք։ Հերթափոխի ընթացքում աշխատակիցները կրկին ջերմաչափվել են։ Ու թեեւ մայիսի 4—ից սահմանափակումները վերանում են, բայց ԱԷԿ—ում միջոցառումները այսօր էլ խիստ են։
Ի դեպ, ԱԷԿ—ի պլանային վերանորոգման աշխատանքները տեղափոխվել են հուլիսի 1, բայց կայանը նախօրոք պետք է պատրաստ լինի։ 65 եւ ավելի տարեկանները, ովքեր ռիսկային գոտում են, դեռ հեռավար են աշխատում։ Մյուսներն արդեն աշխատանքի են։ Բայց ամեն օր պահպանվում են ամենախստագույն միջոցառումները։ Այն աշխատակիցները, ովքեր պատասխանատու են կայանի անվտանգության համար, գործում են։ ՀԱԷԿ—ի բոլոր աշխատակիցներն ապահովված են անհատական պաշտպանիչ անհրաժեշտ միջոցներով՝ բժշկական դիմակ, ձեռնոցներ, ախտահանիչ միջոցներ։ Օրվա ընթացքում ախտահանվում են նաեւ սենյակներն ու տրանսպորտային միջոցները, վերջիններս՝ երբեմն մի քանի անգամ։ Բոլոր իրերը, որոնց հետ առնչություն են ունենում աշխատակիցները՝ հեռախոսներ, սեղաններ, դռների բռնակներ եւ այլն, պարտադիր մշակվում են ախտահանիչ նյութերով։
Թե երբ ԱԷԿ—ն ամբողջությամբ դուրս կգա կարանտինից, առայժմ պարզ չէ։ «Կհետեւենք հանրապետության վիճակին,–ասաց ՀԱԷԿ—ի գլխավոր տնօրենը,–բայց անկախ ամեն ինչից, կայանը աշխատելու է բնականոն, անվտանգ ռեժիմով ու շարունակելու է էլեկտրաէներգիա արտադրել նախատեսված ծավալներով»։
ԱԷԿ—ը կարանտինի ընթացքում եւ այսօր էլ աշխատում է բնականոն. նույնիսկ միջազգային պայմանավորվածություններն են արվում։ Համապատասխան պայմանագրեր են կնքվել Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Չեխիայի հետ՝ որոշակի աշխատանքների կատարման հետ կապված։
Ո՞րն է այս ամբողջ ընթացքում ԱԷԿ—ի հանգիստ աշխատելու պատճառը։ «Որովհետեւ մենք պատրաստվել էինք եւ այսօր էլ պատրաստ ենք վատագույն սցենարին՝ վիրուսի կրկին տարածում, կրկին սահմանափակումներ, ժամկետի երկարացում եւն։ Ամենակարեւորը՝ կապահովենք կայանի անխափան ու բնականոն աշխատանքը»,–եզրափակեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը։
Մի նկատառում. ամենեւին պատահական չէ, որ էներգետիկների միջազգային օրը նշվում է ձմեռային արեւադարձին՝ դեկտեմբերի 22—ին՝ հայոց արդարադատության ու լույսի աստված Միհրի օրը։ Եվ հենց կարանտինի այս օրերին այնքա՜ն շոշափելի դարձավ էներգետիկների բերած լույսը…
Armenpress.am