Զոհրաբ Մնացականյանը Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ քննարկել է այլընտրանքային էներգիայի ոլորտում համագործակցությունը
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ մայիսի 19-ին, հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ գործընկերները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ:
Գոհունակությամբ նշելով Հայաստանի և Եգիպտոսի միջև ընթացող երկխոսության դինամիկան՝ ԱԳ նախարարները վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը շարունակելու երկկողմ օրակարգի հետագա ընդլայնման ուղղությամբ քայլերը:
Ի թիվս այլ ուղղությունների՝ առանձնահատուկ ընդգծվեց դեղագործության, այլընտրանքային էներգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցության ներուժի լիարժեք իրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։ Այս համատեքստում հայ և եգիպտացի գործընկերները կարևորեցին նաև հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:
Արտգործնախարարներն անդրադարձան նաև բազմակողմ շրջանակներում, այդ թվում՝ Աֆրիկյան միությունում, ԵԱՏՄ-ում, ՄԱԿ-ում համագործակցության հարցերի։
Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարներ Մնացականյանն ու Շուքրին մտքեր փոխանակեցին տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, փոխադարձ հետաքրքրություն և միմյանց համար կարևորություն ունեցող հարցերի լայն շրջանակի շուրջ՝ վերահաստատելով պատմական բարեկամության ավանդույթների վրա հիմնված միմյանց հետ սերտորեն համագործակցելու Հայաստանի և Եգիպտոսի պատրաստակամությունը:
News.am