Արտակարգ դրությունը երակարաձգվեց մինչև օգոստոսի 12-ը
Կառավարությունն այսօր՝ հուլիսի 13-ի իր արտահերթ նիստում որոշում կայացրեց մեկ ամսով՝ 30 օրով, երկարաձգել արտակարգ դրության տռեժիմը:
Ըստ այդմ, այն կտևի մինչև օգոստոսի 12-ը ժամը 17-ը:
Նախագծում նշվում է, որ Արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը դեռևս շարունակվում են պահպանվել։
«Այսպիսով նախատեսվում է երկարաձգել արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից 30 օրով՝ մինչև օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ։ Սա արդեն 4-րդ երկարաձգումն է», - ասաց Ռուստամ Բադասյանը, փոխանցում է news.am-ը։
Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծում հստակեցվել է ինքնամեկուսացման հրահանգ տալու ձևը։ «Մասնավորապես՝ սահմանվել է, որ այն տրվում է բանավոր, հասցեատիրոջ պահանջով ենթակա է նաև գրավոր ձևակերպման:
Բացառություն է նախատեսվել ինքնամեկսացման կարգի խախտման դեպքում, երբ անձը ցուցումներին համապատասխան այցելում է՝ բուժհաստատություններ՝ ախտորոշիչ հետազոտություններ կազմակերպելու նպատակով»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բացի արտակարգ դրության ռեժիմից, օրենսդրությունում այլ արդյունավետ գործիքակազմ չունենք և եթե չերկարացնեն, ապա հակահամաճարակային միջոցառումների համակարգը դե յուրե իրենց ուժը կորցրած կլինի: «Մյուս կողմից հասկանում ենք, որ արտակարգ դրությունը անվերջ երկարացնել հնարավոր չէ և պետք էլ չէ և այս ընթացքում որոշում ունենք, որ օրենսդրական փաթեթ մշակենք, որը հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմով, որը ավելի թեթև կլինի»,-ասաց նա:
Կառավարության որոշումից հետո այսօր այն կներկայացվի Ազգային ժողովի հատուկ նիստում:
Հիշեցնենք, որ արտակարգ դրության ժամկետն ավարտվում էր հուլիսի 13-ին: Իսկ առաջին անգամ արտակարգ դրություն հայտարարվել էր մարտի 16-ին:
Սահմանափակումները մնում են ուժի մեջ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկ սահմանված լինելու դեպքում, այդ երկրներից ժամանող անձանց նկատմամբ կիրառվում է մեկուսացում կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնամեկուսացման:
Armedia.am