ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին հրադադարի պահպանման կոչ է
https://parstoday.ir/hy/news/armenia-i122999-ԱՄՆ_ը_Հայաստանին_և_Ադրբեջանին_հրադադարի_պահպանման_կոչ_է
ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին սահմանին անհապաղ նվազեցնել լարումն ու դադարեցնել փոխհրաձգությունը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հուլիսի 15-ի մամուլի ասուլիսում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2020 04:38 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին հրադադարի պահպանման կոչ է

ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին սահմանին անհապաղ նվազեցնել լարումն ու դադարեցնել փոխհրաձգությունը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հուլիսի 15-ի մամուլի ասուլիսում:

«ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին մահաբեր բռնությամբ: Մենք ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին և կոչ անում կողմերին անհապաղ սկսել դեէսկալացիա, վերսկսել բովանդակային երկխոսությունն ու պահպանել հրադադարը, որպեսզի սկսեն բանակցությունները՝ Մինսկի խմբի համանախագահության ներքո», - ասել է Պոմպեոն:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Հուլիսի 13-ի առավոտյան երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել էր սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերը։ Հուլիսի 14-ի գիշերը ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել էր հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմից վարված կրակով կասեցվել էր։ Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորել է բնակավայրերը, արկեր է արձակել Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, այլ բնակավայրերի ուղղությամբ, հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները. տուժածներ չկան։ Բերդի ուղղությամբ Ադրբեջանը նաև «Գրադ»-ի երեք հրթիռ է արձակել: Զոհվել է ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող, վիրավորվել 10-ը: Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 15-ի ժամը 00:15-ից պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ Հուլիսի 14-ից, ժամը 22:20-23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում: Ադրբեջանը կրել է մարդկային տասնյակ կորուստներ, կորցրել մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ԱԹՍ-ներ:

Armenpress.am