Հայաստանը պետք է պնդի մեխանիզմի հարցը՝ Ալիևով, թե առանց նրա
https://parstoday.ir/hy/news/armenia-i123635-Հայաստանը_պետք_է_պնդի_մեխանիզմի_հարցը_Ալիևով_թե_առանց_նրա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառել է հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ, քանի դեռ չեզոքացված չէ լարվածությունը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հուլիս 29, 2020 13:12 Asia/Tehran
  • Հայաստանը պետք է պնդի մեխանիզմի հարցը՝ Ալիևով, թե առանց նրա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառել է հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ, քանի դեռ չեզոքացված չէ լարվածությունը:

Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է ռուսական ՌԲԿ գործակալությանը տված հարցազրույցում: Վարչապետը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ է նշանակում լարվածության թուլացում: Իսկ դա կարևոր հարց է, որովհետև ինքնին չկրակելը արդյո՞ք լարվածության թուլացում է, թե՞ լարվածության թուլացում է չկրակելու մասին պատասխանատվությունն ու այն ամրագրող մեխանիզմը, որ այլ կերպ կարող ենք ասել հրադադարի պահպանման մեխանիզմ:

Այստեղ Երևանը թերևս ունի հստակեցնելու անհրաժեշտություն՝ սահմանելով առարկայական պահանջ՝ լարվածության թուլացում ոչ թե բանավոր պայմանավորվածության, այլ ինստիտուցիոնալ մեխանիզմի հիման վրա: Առավել ևս, որ Հայաստանի վարչապետն ունեցավ առիթ՝ համոզվելու, որ Դուշանբեի բանավոր պայմանավորվածության, բանավոր զրույցի հիման վրա հաստատված լարվածության չեզոքացումը կարող է ձգվել երկու տարի, սակայն ընդհատվել երկու վայրկյանում, երբ առաջանա համապատասխան իրավիճակ և ցանկություն Ադրբեջանում:

Ըստ այդմ՝ Երևանը խնդիրը պետք է բարձրաձայնի հենց ինստիտուցիոնալ շեշտադրումով: Ընդ որում, այդ պարագայում հնարավոր է նաև հանդիպել, եթե բարձրաձայնվում է, որ հանդիպումն ունի հենց այդ՝ հրադադարի անվերապահ և առանց նախապայմանի պահպանման ինստիտուցիոնալ պատասխանատվության հարցը, մեխանիզմի ներդրման հարցը:

 Հայաստանի համար ներկայումս չի կարող լինել առաջնային այլ հարց զուտ ռացիոնալ, պրագմատիկ իմաստով: Առավել ևս, երբ մենք տեսնում ենք, որ կա լարվածության թեմատիկայի շուրջ ռուս-թուրքական երկխոսություն: Անկախ դրա բովանդակությունից՝ այն կարող է լինել Հայաստանի դեմ կամ Հայաստանի օգտին, էական է մի հարց. Հայաստանը պետք է ազդեցություն ունենա դրա վրա, Հայաստանը չպետք է լինի խաղից դուրս գտնվող: Իսկ խաղի մեջ գտնվելու համար Հայաստանը պետք է դնի ինստիտուցիոնալ մեխանիզմի շնորհիվ լարվածությունը չեզոքացնելու օրակարգային հարցը: Առավել ևս, որ անկասկած է օրակարգում ընդհուպ Ալիևի իշխանության հարցի առկայությունը: Մեխանիզմի պնդումն այս փուլում Երևանին տալիս է նաև այդ հարցում խաղացող լինելու և միևնույն ժամանակ անգամ մի քանի քայլ առաջ իրավիճակ ստեղծելու հնարավորություն:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio