Երեւանի աննախադեպ կոշտությունը. Իսրայելը կդադարեցնի՞ զենքի վաճառքը
https://parstoday.ir/hy/news/armenia-i123658-Երեւանի_աննախադեպ_կոշտությունը._Իսրայելը_կդադարեցնի_զենքի_վաճառքը
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը The Jerusalem Post թերթին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելը պետք է անմիջապես դադարեցնի սպառազինության մատակարարումն Ադրբեջանին, քանի որ Բաքուն ցույց է տվել, որ չի վարանի այդ մահաբեր սպառազինությունը քաղաքացիական օբյեկտների դեմ կիրառելու համար:
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Հուլիս 30, 2020 05:43 Asia/Tehran
  • Երեւանի աննախադեպ կոշտությունը. Իսրայելը կդադարեցնի՞ զենքի վաճառքը

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը The Jerusalem Post թերթին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելը պետք է անմիջապես դադարեցնի սպառազինության մատակարարումն Ադրբեջանին, քանի որ Բաքուն ցույց է տվել, որ չի վարանի այդ մահաբեր սպառազինությունը քաղաքացիական օբյեկտների դեմ կիրառելու համար:

Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը հնչում է աննախադեպ կոշտ: Երեւանն արտահայտվել է Ադրբեջանին մահաբեր սպառազինության վաճառքի մտահոգությամբ, բայց «անմիջապես դադարեցնելու» մասին հայտարարությունը կարծես թե աննախադեպ է: Այստեղ անշուշտ խնդիրն ունի մի քանի կողմ եւ հարաբերականություն, այն իմաստով, որ Իսրայելն էլ կարող է մատնացույց անել Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, որի սպառազինությունը եւս՝ Բաքուն չի վարանել ու չի վարանի ուղղել խաղաղ բնակչության վրա:

Կարո՞ղ է արդյոք Երեւանը նույն կոշտությամբ հարցադրում անել Ռուսաստանի առաջ, որ պետք է դադարեցնել Ադրբեջանին մահաբեր սպառազինության վաճառքը: Մինչդեռ, ռուսական ռազմարդյունաբերական համալիրի բարձրաստիճան պաշտոնյաներ ամիսներ առաջ խոսել են, որ Ադրբեջանի պատվիրակության հետ քննարկել են Սու 35 կամ Սու 57 բազմաֆունկցիոնալ հինգերորդ սերնդի կործանիչների մատակարարման հնարավորության մասին:

Ներկայումս, անշուշտ, Երեւանի համար առանցքային խնդիրը իսրայելական անօդաչուներն են, որոնք թեեւ հաջողությամբ չեզոքացվել են Տավուշում, սակայն այդուհանդերձ Ադրբեջանի պարագայում թերեւս ամենառիսկային եւ խնդրահարույց հանգամանքն են: Տավուշը խոշոր հաշվով ցույց տվեց, որ հայկական բանակը կռվել է ոչ թե ադրբեջանական բանակի հետ՝ այդպիսին դե ֆակտո գոյություն չունի, այլ իսրայելական սպառազինության:

Մյուս կողմից, հայկական զինուժն այդ «ճակատամարտը» շահել է, ընդ որում ռազմավարական նշանակության հաջողությամբ: Եվ խոսքը լոկ դիրքային հանգամանքի մասին չէ, որը Հայաստանին փաստացի տալիս է Ադրբեջանի հյուսիսարեւմտյան հատվածի՝ գործնականում գերակա հսկողության հնարավորություն:

Ռազմավարական է նաեւ Հայաստանի ռազմարդյունաբերական հաջողությունը, որի ուժը զգաց իսրայելական սպառազինությունը, այն էլ մի քանի աննախադեպ խոցումներով եւ նաեւ անօդաչու թռչող սարքի այսպես ասած «օդից առեւանգումով», երբ ինքնաոչնչացման ռեժիմով հարվածային անօդաչուն հաջողվել էր իջեցնել հայկական կողմում ամբողջապես անվնաս:

Այդ հաջողությունը, ըստ ամենայնի, Երեւանին տալիս է դիվանագիտական ամրության հնարավորություն ոչ միայն արցախյան հարցում, այլ նաեւ ռեգիոնալ ռազմա-քաղաքականության առավել ընդգրկուն շրջանակում, որում են ոչ միայն Թուրքիան եւ Ռուսաստանը, այլ նաեւ անկասկած Իսրայելը:

Երեւանը, որ վերջին տարիներին որդեգրել է Իսրայելի հետ հարաբերության սերտացման ուղղություն, իսկ նախորդ տարի սեպտեմբերին էլ կայացրել Թել Ավիվում դեսպանատուն բացելու որոշում, Տավուշի արդյունքում ստացել է թերեւս Թել Ավիվի հետ առավել ամուր եւ շահեկան դիրքից երկխոսության հնարավորություն, ինչի դրսեւորումն էլ Հայաստանի արտգործնախարարի հարցազրույցի շեշտադրումն է:

Այդ հանգամանքը Երեւանի համար հույժ կարեւոր է; Այն մի կողմից լրացուցիչ ուժեղ փաստարկ է, թե ինչու պետք է Իսրայելը ավելի շահագրգռված լինի ռեգիոնալ հետաքրքրության շրջանակում աշխատել Հայաստանի, ոչ թե Ադրբեջանի հետ: Մյուս կողմից հանգամանքը Երեւանի համար կարեւոր է  հայ-իսրայելական հարաբերության կառուցման բարդ գործընթացի հանդեպ Հայաստանի գործընկեր եւ բարեկամ երրորդ երկրների՝ մասնավորապես Իրանի եւ արաբական մի շարք պետությունների վստահության դաշտն ամրացնելու համար: Վստահություն, որ Հայաստանն այդ հարաբերությունը չի կառուցի որեւէ զիջման եւ որեւէ բարեկամ ու գործընկեր երկրի հաշվին:

Lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio
https://urmedium.com/c/armenianradio