Կստեղծվի մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան. ՀՀ ԱՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i123851-Կստեղծվի_մասնագիտացված_հակակոռուպցիոն_դատարան._ՀՀ_ԱՆ
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2020 05:20 Asia/Tehran
  • Կստեղծվի մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան. ՀՀ ԱՆ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունից։

Դրանցով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով։ Ըստ նախագծերով առաջարկվող փոփոխությունների՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը գործելու է 8 դատավորի թվակազմով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով։ Նախագծերով սահմանվել են հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման կարգը, դատավորներին ներկայացվող պահանջները, դատավոր նշանակվելու սահմանափակումները, բոլոր ատյաններում դատավորների թեկնածուների բաերվարքության ստուգման կառուցակարգերը

Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգում ներգրավված մարմինների ընդհանուր բարեվարքության ամրապնդման նպատակով՝ Նախագծերի փաթեթով առաջարկվում է բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պահանջ սահմանել նաև դատախազների թեկնածուների համար, ինչը կնպաստի դատախազության համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազմանը և բարեվարքության ամրապնդմանը:

Արդարադատության նախարարությունն ակնկալում է շահագրգիռ կողմերի լայն մասնակցություն՝ առաջարկությունների և դիտարկումների տեսքով:

Armedia.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio