Հայկական միլիարդների իրական արժեքը
https://parstoday.ir/hy/news/armenia-i124413-Հայկական_միլիարդների_իրական_արժեքը
Հայտնի է, որ աշխարհում, առավելապես Ռուսաստանում են կենտրոնացած ազգությամբ հայ մի քանի միլիարդատերեր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2020 16:05 Asia/Tehran
  • Հայկական միլիարդների իրական արժեքը

Հայտնի է, որ աշխարհում, առավելապես Ռուսաստանում են կենտրոնացած ազգությամբ հայ մի քանի միլիարդատերեր։

Ոգևորիչ է ունենալ միլիարդատեր հայրենակիցներ, առավել ևս, որ նրանք անտարբեր չեն Հայաստանի հանդեպ, այստեղ կատարում են ներդրումներ, նաև՝ բարեգործություններ, մասնակցում են տարբեր համահայկական նախաձեռնությունների, զգալիորեն օժանդակում են Արցախին:

Սակայն հայազգի միլիոնատերերի կամ միլիարդատերերի պոտենցիալը թույլ է տալիս մտածելու ավելիի մասին, ընդ որում՝ ոչ միայն քանակի, այլ նախ և առաջ՝ որակի առումով: Այսինքն՝ հարցն այն է, թե համաշխարհային հայկական կապիտալը, մասնավորապես՝ Ռուսաստանի հայ մեծահարուստների կարողությունները որքանով են ծառայում Հայաստանի առջև կանգնած ռազմավարական նպատակների իրականացմանը կամ խնդիրների լուծմանը:

Բարեգործություններն ու ներդրումները, իհարկե, լավ են, իսկ Արցախում էլ կատարված յուրաքանչյուր օժանդակություն ինքնին արդեն ռազմավարական բնույթ ունի: Սակայն ակնհայտ է նաև, որ հեղափոխված Հայաստանն ու հայությունը այսօր կարիք ունեն խոշորամասշտաբ ծրագրերի, որոնք կնպաստեն պետական և համազգային օրգանիզմի դիմադրողունակության բարձրացմանը, մրցունակության բարձրացմանը: Պետք չէ խոսել «հայկական աշխարհների» և այլնի մասին: Այդ խոսակցությունները այնքան են արժեզրկել Հայաստանի նախկին պետական քաղաքականության արդյունքում, որ նույնիսկ լավ գաղափար լինելով հանդերձ՝ կորցրել են հանրային վստահելիությունը: Բայց խնդիրը մնում է, և հայկական կապիտալն իսկապես ափսոս է, քանի որ կարող է հեռանկարային առումով շատ ավելի արդյունավետ ու խոստումնալից ուղղություններով կիրառվել, քան այն ամենը, ինչ կա այսօր:

Խնդիրն այն է, որ այսօր կատարվող քայլերը ապագայի, հեռանկարային, երկարաժամկետ լինելու տեսանկյունից այնքան էլ խոստումնալից չեն, և ըստ էության կարելի է ասել, որ հայկական միլիարդները ընդամենը օրվա խնդիր են լուծում, կատարում են հրդեհ մարող փրփուրի դեր, մինչդեռ ունակ են ավելիին: Այստեղ, սակայն, խնդիրը ոչ այնքան այդ կապիտալի կրողներն են, ինչքան պետությունը կամ ավելի ճիշտ՝ իշխանությունը:

Հայաստանը պետք է լինի հիմնական նախաձեռնողը և մշակի այն ազգային ու պետական առաջնահերթ ուղղությունները, որտեղ կա ռազմավարական, ինստիտուցիոնալ ներդրումների անհրաժեշտություն, որպեսզի դրանք հետագայում համաշխարհային մրցակցությունում վերածվեն արդեն հայկական ներուժի դրսևորման գործնական մեխանիզմների: Հայաստանի նոր իշխանությունը, հեղափոխությունից հետո, օբյեկտիվ պատճառներով արտերկրի հայ միլիարդատերերի և միլիոնատերերի հետ կարծես թե բավական պասիվ հարաբերության մեջ է։ Մինչդեռ նախկին իշխանություններն ակտիվ էին բոլոր այն հարցերում, որոնք ուղղված էին Հայաստանի ներքին կյանքում իշխանության դիրքերի ամրապնդմանը և իշխող համակարգի վերարտադրությանը: Այդ իսկ պատճառով էլ ամեն ինչ արվում էր, որպեսզի արտերկրի հայկական կապիտալը ոչ թե վերածվի ինստիտուցիոնալ ներդրումների, այլ լուծի ընդամենը ընթացիկ սոցիալական հարցեր:

Ժամանակն է, որպեսզի համաշխարհային հայկական կապիտալը Հայաստանում սկսի հիմքեր փորել: Այստեղ, իհարկե, չափազանց մեծ է նաև հենց այդ գործարարների պատասխանատվությունը, որոնք ի վերջո իրենք էլ պետք է հստակ պատկերացնեն և գնահատեն իրենց ներդրումների արժեքը ներկայի ու ապագայի տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև համաշխարհային տնտեսա-քաղաքական միտումները:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio