Հայաստանը կտա՞ Լավրովին այդ հնարավորությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i125067-Հայաստանը_կտա_Լավրովին_այդ_հնարավորությունը
Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ իր տպավորությամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են լարվածության թուլացմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2020 14:53 Asia/Tehran
  • Հայաստանը կտա՞ Լավրովին այդ հնարավորությունը

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ իր տպավորությամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են լարվածության թուլացմամբ:

Նա ասել է, թե այդ տպավորությունը գալիս է երկու երկրների արտգործնախարարների հետ շփումներից:

Ռուսաստանն ակնհայտորեն փորձում է, այսպես ասած, վերականգնել հանդիպումների ձևաչափը: Այստեղ, իհարկե, լարվածության թուլացման հանգամանքը շարժառիթներից մեկն է, ընդ որում՝ երևի թե ամենափոքրը, որովհետև Լավրովն էլ է լավ հասկանում, որ իրավիճակի լարումը պայմանավորված է բոլորովին այլ հանգամանքներով, քան բանակցության կամ հանդիպման լինել-չլինելը:

Լավրովի առանցքային նպատակն իհարկե այլ է՝ հանդիպումների ձևաչափի միջոցով փորձել վերականգնել Ադրբեջանի հետ քաղաքական շփումները հնարավորինս լայն ու խորը առումով և այդ կերպ կարողանալ դիմակայել Ադրբեջանում թուրքական գերազդեցության մարտահրավերին: Այդ մարտահրավերը Անկարան նետել է տավուշյան մարտերից հետո, սակայն ավելի ճիշտ կլինի ասել՝ օգտագործել է առիթը մարտահրավերը բացելու համար, քանի որ ինքնին, որպես այդպիսին, Թուրքիան Ռուսաստանին այն նետել է վաղուց: Եվ քանի որ Թուրքիան բացել է այն, խաղում է առանց երկիմաստության, իրավիճակը Ռուսաստանի համար ավելի է բարդացել:

Իհարկե, տավուշյան ապտակով Հայաստանը Մոսկվային էլ տվեց Ադրբեջանի հետ ավելի ուժեղ խոսելու հնարավորություն, բայց ամբողջ հարցն այն է, որ Թուրքիան բռնել է Բաքվին շատ ամուր, և Մոսկվայի համար ներկայումս կա խնդիր՝ դուրս բերել Ադրբեջանը թուրքական գրկից: Բաքուն էլ դեմ չի լինի, սակայն կփորձի քաղել առավելագույնը:

Այստեղ հարցն այն է, թե արդյոք Երևանը, ռազմական առումով տալով Մոսկվային հնարավորություն, կտա՞ նաև դիվանագիտական-քաղաքական առումով: Թերևս արժե տալ այդ հնարավորությունը, բայց իհարկե սահմանելով դրա համար որոշակի ռազմաքաղաքական գին, որը բավարար կլինի նաև Մոսկվա-Բաքու գիծը առավելագույնս կառավարելու համար:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio