Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի. ԱԺ–ն ընդունեց կառավարության ներկայացրած նախագծերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i125103-Արտակարգ_դրությունն_այլևս_չի_երկարաձգվի._ԱԺ_ն_ընդունեց_կառավարության_ներկայացրած_նախագծերը
Գործող արտակարգ դրության ռեժիմի ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 11-ին։ Կառավարությունը խոստացել է այն այլևս չերկարաձգել, ինչով էլ պայմանավորված է նոր օրենսդրական փոփոխությունների փաթեթի ընդունման հրատապությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2020 16:01 Asia/Tehran
  • Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի. ԱԺ–ն ընդունեց կառավարության ներկայացրած նախագծերը

Գործող արտակարգ դրության ռեժիմի ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 11-ին։ Կառավարությունը խոստացել է այն այլևս չերկարաձգել, ինչով էլ պայմանավորված է նոր օրենսդրական փոփոխությունների փաթեթի ընդունման հրատապությունը։

ԱԺ–ն արտահերթ նստաշրջանում 70 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած արտակարգ դրությունը կարանտինային ռեժիմով փոխարինելուն վերաբերող նախագծերի փաթեթը։

Նշենք, որ նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Ռաֆիկ Գրիգորյանն այսօր ԱԺ–ում հայտարարեց, որ սեպտեմբերի 12-ից հետո Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը կփոխարինվի կարանտինով։

Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթով նախատեսվում է կարանտինային գոտում կիրառել մուտքի ու ելքի սահմանափակումներ` ընդհուպ մինչև պետական սահմանի փակում, տվյալ տարածքից ապրանքների ներմուծման ու արտահանման սահմանափակումներ, ինչպես նաև կրթական հաստատությունների փակում։

Տնտեսական գործունեությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքերում, երբ այդ ձեռնարկությունները հանդիսանում են համաճարակի աղբյուր։

Կարանտինի ռեժիմի սահմանումը վերապահվում է կառավարությանը, մարզպետներին ու համայնքների ղեկավարներին`կախված վարակի տարածման տարածքի մեծությունից։

Օրենսդրական նոր փաթեթով փոփոխություններ են առաջարկում նաև վարչական ու քրեական օրենսգրքերում։ Պատասխանատվության միջոցներ են նախատեսված կարանտինի, մեկուսացման ու ինքնամեկուսացման ռեժիմների խախտման, անհատական պաշտպանության միջոցներ չկիրառելու համար։

Առավելագույն պատժաչափը` 500 000 դրամ, նախատեսվում է ձեռնարկության աշխատանքը կասեցնելու որոշումը երկրորդ անգամ խախտելու համար, այն դեպքում, երբ առաջին անգամ նույն խախտման համար նախատեսված է մինչև 300 000 դրամ տուգանք։

Առանց բժշկական դիմակի հանրային տարածքում լինելու համար տուգանքը կշարունակի մնալ 10 000 դրամ։

Զանգվածային միջոցառումների արգելքը խախտելը կարժենա 50-200 հազար դրամ։ Նույն չափով կտուգանվեն նաև ինքնամեկուսացման կարգը խախտողները։ Մուտքի– ելքի սահմանափակումները խախտողները կտուգանվեն 50–70 հազար դրամով։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Գործող արտակարգ դրության ռեժիմի ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 11-ին։ Կառավարությունը խոստացել է այն այլևս չերկարաձգել, ինչով էլ պայմանավորված է նոր օրենսդրական փոփոխությունների փաթեթի ընդունման հրատապությունը։
armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio