Հայաստանը ընդլայնում է ռազմական գործակցության ձեւաչափերը. ինչն է կատաղեցնում Անկարային ու Բաքվին
Հայաստանը հաղորդուղիներ է ձեւավորում անվտանգային տարբեր ձեւաչափերում, իր անվտանգության համակարգի համար ապահովելով միջազգային պլատֆորմ, իսկ գլխավորը՝ էքսպանսիայի տրամադրված երկրներին թույլ չտալով մտնել ռեգիոն:
Հուլիսի հաղթական մարտերը ցույց տվեցին անվտանգության խնդիրներն ինքնուրույն լուծելու Հայաստանի կարողությունը: Դրանք ամրապնդել են մեր վստահությունը ռազմավարական դաշնակիցների եւ գործընկերների նկատմամբ, ինչը ավելի է բարձրացնում ռեգիոնալ անվտանգության ու կայունության երաշխավորի դերը կատարելու Հայաստանի հնարավորությունը, օրեր առաջ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ նա հայտարարել էր Թուրքիայի զսպման համար տարբեր ձեւաչափեր մշակելու անհրաժեշտության մասին:
«Տարբեր ձեւաչափերի» մշակման ուղղությամբ Հայաստանի քաղաքականությունը Թուրքիայում ու Ադրբեջանում առաջացնում է ոչ պակաս մտահոգություն, որքան Հայաստանի բանակի ռազմական եւ տեխնոլոգիական պատրաստվածությունը:
Ադրբեջանի նախագահ Ալիեւն օրերս ընդունելով Հունաստանի դեսպանի հավատարմագրերը, մի ամբողջ «քարոզ» կարդաց Հունաստանի եւ Հայաստանի գործակցության պատճառով: «Ցանկացած երկրի հետ Հայաստանի սերտ գործակցությունը առաջացնում է անհանգստություն: Դուք երեւի գիտեք սահմանին սադրանքից անմիջապես հետո Ռուսաստանից Հայաստան սպառազինության ինտենսիվ մատակարարման վերաբերյալ մեր արձագանքը: Աշխույժ մարտերը կանգնել են հուլիսի 16-ին եւ հուլիսի 17-ից սկսած մինչեւ երեկ՝ երեկ վերջին թռիչքն էր, Ռուսաստանից Հայաստան մերձկասպիական երկրների օդային տարածքով կատարվել է մեծ քանակի ռազմական բեռնափոխադրում», հայտարարել էր Ալիեւը:
Ադրբեջանը տավուշյան մարտերից հետո Հայաստանի հետ գործակցության համար մեղադրել է Սերբիային, Հորդանանին, Վրաստանին մեղադրեց տարանցիկության համար:
Հայաստանը գործակցությունը զարգացնում է ոչ միայն Հունաստանի եւ Կիպրոսի հետ: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ, ՀԱՊԿ եւ Շանհայի գործակցության կազմակերպության երկրների պաշտպանության նախարարների համատեղ նիստին: Հիշեցնենք, որ ՇՀԿ մեջ է ռազմական հսկա Չինաստանը:
Հայաստանի համար ընդունելի չէ թե ռազմական հռետորաբանությունը, թե ռեգիոնալ հակամարտություններում նոր երկրներ ներառելու փորձը, ինչը հղի թե իրավիճակի հետագա լարման հեռանկարով, հայտարարել է Դավիթ Տոնոյանը համատեղ նիստում: «Տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունն ու Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմաքաղաքական համագործակցության խորացումը կարեւորագույն զսպող գործոն են, որոնք նպաստում են տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանմանը», ընդգծել է Տոնոյանը:
Միաժամանակ նա զգուշացրեց, որ «տարածաշրջանային ցանկացած խնդիրների սրումը ամենաուղղակի կերպով ազդում է ընդհանուր միջազգային անվտանգության վրա»: Միջազգային հանրության գլխավոր խնդիրը, շարունակեց Տոնոյանը կայուն աշխարհի ձեւավորումն է, թույլ չտալով էքապանսիոն գաղափարախոսությամբ եւ ապակառուցողական գործիքակազմով ռեգիոնալ աշխարհաքաղաքական հավակնությունների պարտադրմամբ անկայուն օջախների առաջացում:
«Ցավոք սրտի, ստիպված եմ շեշտել, որ Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրադրությունն աչքի է ընկնում բարձր կոնֆլիկտայնությամբ: Վերջերս տարածաշրջանում շահերի հակասության աճ է նկատվում, ինչը, մեր գնահատմամբ, որոշ պետությունների հավակնությունների ընդլայնման հետեւանք է», հայտարարել է Հայաստանի նախարարը:
Տոնոյանը նաեւ ավելացրել է, որ Հայաստանի ռազմավարական հետաքրքրությունների գոտին ներառում է ոչ միայն Կովկասը, այլեւ ՀԱՊԿ պատասխանատվության ամբողջ գոտին, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքն ու Արեւելյան Միջերկրականը: Նա հիշեցրել է, որ «Հայաստանի հանրապետությունը միացել է սիրիացի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործընթացին եւ երկրի ենթակառուցվածքների վերականգնմանը»:
Տոնոյանը նշել է, որ ստեղծված պայմաններում կարեւոր նշանակություն է ստանում բազմակողմ պաշտպանական գործակցության հետագա խորացումը, ընդ որում առաջին հերթին ԱՊՀ, ՇՀԿ եւ ՀԱՊԿ շրջանակում:
Lragir.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio