Իսրայելը շարունակում է զենքի մասշտաբային մատակարարումները Բաքվին
https://parstoday.ir/hy/news/armenia-i126300-Իսրայելը_շարունակում_է_զենքի_մասշտաբային_մատակարարումները_Բաքվին
Ըստ երևույթին, դրանք LORA բալիստիկ հրթիռներ են, գրել է Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հրապարակելով հրթիռի ընկնելու նկարը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2020 07:09 Asia/Tehran
  • Իսրայելը շարունակում է զենքի մասշտաբային մատակարարումները Բաքվին

Ըստ երևույթին, դրանք LORA բալիստիկ հրթիռներ են, գրել է Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հրապարակելով հրթիռի ընկնելու նկարը։

LORA-ն օպերատիվ տակտիկական հրթիռային համալիր է (LOng-Range Artillery Missile), արտադրողը՝ Israel Aircraft Industries – IAI (Իսրայել)։ Փաստացի, Ադրբեջանը հայերի դեմ ոչ միայն օգտագործում է իսրայելական դրոններ, այլ նաև հրթիռներ։ Ավելին՝ Իսրայելը, ըստ որոշ տեղեկությունների, մինչ այժմ Ադրբեջանին մատակարարում է ռազմական բեռներով։

Երեկ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ Ադրբեջանին զինամթերք մատակարարելու հետ կապված խորհրդակցության նպատակով Հայաստանը Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին։ Իսրայելի ԱԳՆ-ն արդեն իր ափսոսանքն է հայտնել այդ կապակցությամբ, սակայն իր չեզոքությունը հաստատող հայտարարություն չի արել։

Միևնույն ժամանակ, Իսրայելի դիրքորոշումն ու մատակարարումները ղարաբաղյան պատերազմում դառնում են կարևոր գործոն, և, չնայած Հայաստանը մի քանի շաբաթ առաջ ուղարկել է իր դեսպանին Թել Ավիվ, աշխարհում սկսում են հարցեր տալ Իսրայելի դիրքորոշման հետ կապված։ Փորձագետները, քաղաքագետները, հաճախ հրեական ազգանուններով, ասում են, որ չեն հասկանում Հոլոքոստից տուժած Իսրայելի այսքան դողացող հարաբերությունները Թուրքիայի հանդեպ, որն իրականացրել է հայերի ցեղասպանությունը։

«Ադրբեջանական բեռնատար ինքնաթիռները, որոնք իջնում են Նեգևի իսրայելական ավիացիոն բազաներում, սովորական պատկեր է, որը վկայում է այս երկու երկրների միջև մասշտաբային ռազմական գործարքների մասին։

Սակայն, ԻԼ-76 բեռնատար ինքնաթիռների ժամանման ժամանակի և հաճախականության ընտրությունը՝ երկու այդպիսի ինքնաթիռ վայրէջք են կատարել Ուվդայում անցյալ հինգշաբթի օրը, սեպտեմբերի 24-ին, Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակական կոնֆլիկտի լուրջ սրման օրվանից ընդամենը երկու օր առաջ, ևս երկու ինքնաթիռ էլ ժամանել են երեքշաբթի ու չորեքշաբթի, վկայում են ադրբեջանական ուժերի պատրաստման և ամրապնդման մասին նախքան հերթական կռիվը Լեռնային Ղարաբաղի համար, որտեղ կռիվները ընթանում են արդեն չորրորդ օրը», գրում է իսրայելական Haaretz-ը։

«Կասպից ծովի ափերին գտնվող այս ավազակապետությունը (Ադրբեջանը) նավթի մատակարարման աղբյուր է Իսրայելի համար, ինչպես նաև իր դիրքի շնորհիվ ծառայում է որպես չափազանց օգտակար «հետին դուռ», որը տանում է հարևան Իրան, և որը կարելի է օգտագործել հետախուզական և այլն գաղտնի նպատակներով, հատկապես հաշվի առնելով այն, որ այդ մեծապես շիա երկիրը աշխարհիկ է և արդեն վաղուց կասկածանքով է վերաբերվում իրենից հարավ գտնվող Իսլամական պետության հեղափոխական հավակնություններին», գրում է թերթը։ Հեղինակը կարծում է, որ Իսրայելը աջակցում է Թուրքիային և Ադրբեջանին Իրանի դեմ։

Մինչ այդ, Թուրքիան ընդհանրապես մտադիր չէ հրաժարվել օսմանյան հավակնություններից։ Երուսաղեմը մեր քաղաքն է՝ այս մասին այսօր մեջլիսում ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, հայտնում է Anadolu թուրքական գործակալությունը։ «Երուսաղեմում դեռևս կան օսմանյան հետքեր։ Այսինքն, Երուսաղեմը մեր քաղաքն է, մեր քաղաքներից մեկը», ասել է Էրդողանը։

Lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio