ԱԳՆ-ն հայտարարություն է արել ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i126314-ԱԳՆ_ն_հայտարարություն_է_արել_ԼՂ_հակամարտության_գոտում_վերջին_զարգացումների_վերաբերյալ
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու արցախահայության հանդեպ ծանր հանցագործություններ գործելու, տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծելու և տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2020 12:16 Asia/Tehran
  • ԱԳՆ-ն հայտարարություն է արել ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու արցախահայության հանդեպ ծանր հանցագործություններ գործելու, տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծելու և տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու համար։

ՀՀ ԱԳՆ–ը այսօր տարածած հայտարարության մեջ արձանագրում է, որ, արհամարհելով անհապաղ հրադադարի հաստատման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և ողջ միջազգային հանրության հետևողական կոչերը, ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու նպատակով Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունները։

Այս նպատակով գործի է դրվել Ադրբեջանի ողջ ռազմական ներուժը՝ համալրված թուրքական ռազմական աջակցությամբ, որն արտահայտվում է նաև մերձավորարևելյան հակամարտության գոտիներից Ադրբեջան փոխադրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին ռազմի դաշտ նետելով։ Արցախի ողջ տարածքում համակարգված և զանգվածային ձևով թիրախավորվում են խաղաղ բնակավայրերը և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանգեցնելով մարդկային կորուստների և ավերածությունների»,– ասված է հայտարարության մեջ։

Արտաքին քաղաքական գերատեսչությունն արձանագրում է, որ այս ռազմական գործողությունների նպատակն է Արցախի ժողովրդի հանդեպ զանգվածային ոճրագործություններ իրագործելու միջոցով նրանց զրկել պատմական հայրենիքից։

Նախարարությունը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները՝ կանխարգելելու այդ զանգվածային ոճրագործությունը։

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու արցախահայության հանդեպ ծանր հանցագործություններ գործելու, տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծելու և տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու համար»,– նշում է արտգործնախարարությունը։

 

 

armeniasputnik.am