Մնացականյանը Լավրովի հետ հանդիպմանն ընդգծել է վերիֆիկացիոն մեխանիզմներով կայուն հրադադարի անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i127182-Մնացականյանը_Լավրովի_հետ_հանդիպմանն_ընդգծել_է_վերիֆիկացիոն_մեխանիզմներով_կայուն_հրադադարի_անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2020 13:36 Asia/Tehran
  • Մնացականյանը Լավրովի հետ հանդիպմանն ընդգծել է վերիֆիկացիոն մեխանիզմներով կայուն հրադադարի անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման վերաբերյալ:

 ՀՀ ԱԳՆ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել:

«Ի շարունակումն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների և ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Ռուսաստանի միջնորդությամբ տարվող աշխատանքների՝ հոկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպման օրակարգում էին ԼՂ համակարտության գոտում օպերատիվ իրադրության և կրակի դադարեցման համաձայնությունների կատարման հարցերը։

Բարձր գնահատելով Ռուսաստանի և նախագահ Պուտինի անմիջական ջանքերը կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում` Նախարար Մնացականյանը փաստեց, որ ձեռք բերված համաձայնությունները մնում են թղթի վրա Ադրբեջանի ուխտադրուժ կեցվածքի և իրավիճակի ապակայունացմանը միտված քայլերի հետևանքով։

Վերահաստատելով Հայաստանի հավատարմությունը կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ նախարար Մնացականյանը որպես առաջնահերթ նպատակ ընդգծեց վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

lragir.am