Հայաստանի գլխավոր գործընկերը Իսրայելում. հարցը դրված է կոշտ, պարզ և ազնիվ
https://parstoday.ir/hy/news/armenia-i127833-Հայաստանի_գլխավոր_գործընկերը_Իսրայելում._հարցը_դրված_է_կոշտ_պարզ_և_ազնիվ
Իսրայելական հեղինակավոր The Jerusalem Post-ի հետ հարցազրույցում Հայաստանի վարչապետի կոշտ գնահատականները, որ նա հղել էր Իսրայելի կառավարության գործողություններին, մասնավորապես թուրք-ահաբեկչական պատերազմը սպառազինությամբ սնուցելու առումով, թե՛ Իսրայելում, թե՛, բնականաբար, Հայաստանում արժանացել է մեծ ուշադրության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2020 14:45 Asia/Tehran
  •  Հայաստանի գլխավոր գործընկերը Իսրայելում. հարցը դրված է կոշտ, պարզ և ազնիվ

Իսրայելական հեղինակավոր The Jerusalem Post-ի հետ հարցազրույցում Հայաստանի վարչապետի կոշտ գնահատականները, որ նա հղել էր Իսրայելի կառավարության գործողություններին, մասնավորապես թուրք-ահաբեկչական պատերազմը սպառազինությամբ սնուցելու առումով, թե՛ Իսրայելում, թե՛, բնականաբար, Հայաստանում արժանացել է մեծ ուշադրության:

 Այդ թվում՝ շատերը արդարացիորեն կոչ են անում հայկական հանրությանը տարանջատել Իսրայելի կառավարությունն իսրայելական հանրությունից, Իսրայելի ժողովրդից: Դա, իհարկե, շատ կարևոր է, սակայն այստեղ կա մի էական նրբություն:

Վերջին հաշվով, հայերը ամենևին չեն թիրախավորել իսրայելցի ժողովրդին, բայց այդ ժողովրդի քվեարկությամբ ձևավորված կառավարությունը թիրախավորել է հայերին՝ ճշգրիտ մահաբերությամբ սպառազինություն մատակարարելով Բաքվին, ընդ որում՝ կանոնավոր մատակարարումներով, թեև իբրև թե խոստացել էին դադարեցնել այն: Իհարկե, Իսրայելի ներկայիս կառավարությունը ամենևին Իսրայելի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը վայելող կառավարություն չէ, այն կոալիցիոն կառավարություն է: Բայց այդ կոալիցիան էլ ենթադրում է փաստորեն որոշակի հանրային քվեի վրա հիմնված մեծամասնություն՝ թեկուզ տարբեր ուժերից կազմված: Այդուհանդերձ, այդ մեծամասնությունն է, որ մասնակցում է Արցախի դեմ դաժան, ահաբեկչական պատերազմին:

Ըստ այդմ, ամենևին չթիրախավորելով իսրայելցի ժողովրդին, որն ինքը պարբերաբար բախվել է ծայրահեղականների և ահաբեկիչների հարվածներին, հայ ժողովուրդը, Հայաստանի հանրությունն այդուհանդերձ ունի իրավունք իսրայելական հանրության առաջ որոշակի հարցադրումներ անելու: Մասնավորապես, կարո՞ղ է այդ հանրությունն իր ազդեցությունն ունենալ այն կառավարության վրա, որը ձևավորված է իր քվեով, և որը փաստացի սնուցում է արցախահայության դեմ վարվող ահաբեկչական պատերազմը: Ի վերջո, ո՞րն է խնդիրը՝ կանգնեցնել այդ պատերազմի իսրայելական սնուցումը, որը թերևս առանցքային սնուցումն է, անգամ այն դեպքում, որ պատերազմը սանձազերծողը Թուրքիան է: Դրա գլխավոր սնուցողը Իսրայելի կառավարությունն է: Իսկ ո՞վ է, որ գլխավոր ազդեցությունն ունի կամ կարող է ունենալ այդ կառավարության վրա: Այստեղ իհարկե տեսականում կարող է լինել երկրորդ տարբերակ՝ Իսրայելի ժողովուրդ և ԱՄՆ: Բայց մենք գնում ենք լեգիտիմ մեխանիզմի ճանապարհով, համենայնդեպս ամենից առաջ կամ առաջին հերթին, ընդ որում՝ առավել ևս հարգելով իսրայելցի ժողովրդի ձայնի իրավունքն ու ինքնիշխան արժանապատվությունը:

Ըստ այդմ՝ Իսրայելի կառավարության մահաբեր քաղաքականությունը կանգնեցնելու մեր ընդհուպ քաղաքակրթական խնդրի լուծման գործում Իսրայելի ժողովուրդը Հայաստանի համար կարևոր, առանցքային գործընկեր է: Ըստ այդմ, մենք պետք է խոսենք այդ գործընկերոջ հետ, խոսենք այդ գործընկերոջ պատասխանատվության մասին, որը կարող է ազդել իր կառավարության վրա: Այդ խոսակցությունը կամ իսրայելական կառավարությանը պատասխանատվության կանչելու առանցքային մեխանիզմին՝ Իսրայելի ժողովրդին ուղղված հայկական հարցադրումները պետք չէ նույնացնել զգայական մեղադրանքների հետ: Առավել ևս, որ Իսրայելի ժողովուրդն ինքն էլ, մեղմ ասած, հարցեր ունի այդ կառավարության ներկայիս առաջնորդներին՝ ներառյալ վարչապետ Նեթանյահուին, որը անցնում է կոռուպցիոն մի քանի մեղադրանքներով և պաշտպանվում դրանցից վարչապետական կարգավիճակով:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio