ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի մուտքը Հայաստան պետք է բացառվի
https://parstoday.ir/hy/news/armenia-i129406-ՀԱՊԿ_արագ_արձագանքման_ուժերի_մուտքը_Հայաստան_պետք_է_բացառվի
Եթե Նիկոլ Փաշինյանը կամավոր չհեռանա, ապա անխուսափելի է ժողովրդի հաշվեհարդարը, Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց 17-ի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2020 19:54 Asia/Tehran
  • ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի մուտքը Հայաստան պետք է բացառվի

Եթե Նիկոլ Փաշինյանը կամավոր չհեռանա, ապա անխուսափելի է ժողովրդի հաշվեհարդարը, Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց 17-ի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

17-ը վարչապետին տվել է հեռանալու ժամանակ՝ դեկտեմբերի 8, ժամը 12, իսկ եթե վարչապետը չհեռանա, 17-ը հայտարարել է քաղաքացիական անհնազանդության համատարած ակցիաների մասին:

Այն վերջնագիրը, որ հնչել է դեկտեմբերի 5-ի հանրահավաքում, Փաշինյանի մոտ կարող է առաջացնել հակառակ արձագանք եւ ավելի կարծրացնել հրաժարական չտալու դիրքորոշումը, մեծացնելով բախման հնարավորությունը: Իսկ դա հնարավոր է դարձնում Հայաստան ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի մուտքի հեռանկարը: ՀԱՊԿ հեռավար Վեհաժողովի ընթացքում արձանագրելով նոյեմբերի 9-ի որոշումների համար պատասխանատվություն ստանձնելու Նիկոլ Փաշինյանի «խիզախությունը», Պուտինը հայտարարեց, որ իրենց խնդիրն այժմ Հայաստանի վարչապետին խաղաղ կյանքի կարգավորման եւ որոշումների հետագա իրականացման համար աջակցությունն է: Ընդ որում, հարկ է նկատել, որ ՌԴ նախագահ Պուտինն այդ խնդիրը դրել է հենց ՀԱՊԿ առաջնորդների առաջ:

Դա նշանակո՞ւմ է, որ ՀԱՊԿ երկրների նախագահները կարող են կանգնել Հայաստան արագ արձագանքման ուժեր ուղարկելու որոշման անհրաժեշտության առաջ՝ Հայաստանի վարչապետին «խաղաղ կյանքի վերականգնման հարցում օգնելու» համար: Վերջնագիրն ավելի կկարծրացնի՞ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը հրաժարական չտալու հարցում, իսկ դրան հաջորդելիք անհնազանդության ակցիաներն էլ հիմք, որպեսզի դիմի ՀԱՊԿ-ին:

Այդպիսով, կարող է գործել Հայաստանի դեմ ծայրահեղությունների «հայելային» մոդելի հերթական ակտը, երբ իշխանություն-ընդդիմություն դիրքորոշումների ծայրահեղացման պարագայում Հայաստանին կարող է պարտադրվել նոր իրավիճակ՝ դրա համար պատասխանատվությունը թողնելով հենց Հայաստանի վրա:

Հայաստանի իշխանությունն առաջին հերթին, եւ ընդդիմությունը պատասխանատու են այդ մոդելի կիրառումը չկանխարգելելու համար: Թե ինչ է նշանակում այդ ուժերի մուտքը Հայաստան՝ դժվար չէ ենթադրել:

lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio