Հայաստանը մնում է ազատ Ինտերնետով երկիր
Հայաստանը ԱՊՀ-ում առաջին տեղն է գրավում համացանցի ազատության մակարդակով:
Հանրահայտ Freedom House-ի զեկույցի համաձայն, լինելով ազատ Ինտերնետ ունեցող երկիր, Հայաստանը համացանցի ազատության աստիճանով զգալի առաջ է անցել ոչ միայն հարեւան Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից եւ Իրանից, այլեւ ԱՊՀ բոլոր անդամ երկրներից: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Իսլանդիայի եւ Էստոնիայի կողքին, որոնք լավագույնն են, գտնվում են նաեւ Վրաստանն ու Հայաստանը», – նշում է Freedom House-ի ներկայացուցիչը:
Ազատ երկրների թվում են նաեւ Միացյալ Նահանգները, Կանադան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան: Ընդհանուր թվով՝ 17 երկիր: Freedom House-ի փորձագետ Ադրիան Շահբազի խոսքով, Եվրասիայի տարածքում ազատ համացանց ունեցող երկրները երկուսն են՝ Հայաստանը եւ Վրաստանը: Չնայած, որ երկուսն էլ համացանցի ազատության ոլորտում չնչին անկում են արձանագրել, միեւնույն է, մնացել են ազատ Ինտերնետ ունեցող երկրներ: Այսպես, ի տարբերություն Եվրասիայի բոլոր այլ երկրների, Հայաստանում եւ Վրաստանում չկան Ինտերնետում քննարկման համար արգելված հասարակական եւ քաղաքական թեմաներ:
Միեւնույն ժամանակ, Ադրբեջանում, Ռուսաստանում, Թուրքիայում եւ Ուզբեկստանում արգելվում է համացանցում քննադատել իշխանությունները, իսկ Թուրքիայում եւ Ադրբեջանում արգելվում է նաեւ ծաղրել իշխանություններին, մինչդեռ Ռուսաստանում եւ Ուկրաինայում գրանցվել են առցանց խաղաղ բնույթի գրառումների համար ձերբակալությունների դեպքեր:
168.am