Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հորդորում է վրաններ չտեղադրել Հանրապետության հրապարակում
https://parstoday.ir/hy/news/armenia-i130050-Ոստիկանությունը_հավաքի_մասնակիցներին_հորդորում_է_վրաններ_չտեղադրել_Հանրապետության_հրապարակում
ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հայտարարությամբ հորդորում է զերծ մնալ Հանրապետության Հրապարակի համալիրն առանց իրավասու մարմինների թույլտվության օրենքով չնախատեսված այլ նպատակներով օգտագործելուց, այդ թվում՝ վրաններ տեղադրելու եղանակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2020 18:28 Asia/Tehran
  • Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հորդորում է վրաններ չտեղադրել Հանրապետության հրապարակում

ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հայտարարությամբ հորդորում է զերծ մնալ Հանրապետության Հրապարակի համալիրն առանց իրավասու մարմինների թույլտվության օրենքով չնախատեսված այլ նպատակներով օգտագործելուց, այդ թվում՝ վրաններ տեղադրելու եղանակով։

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հորդորում է

- իրենց գործողություններում խստորեն պահպանել օրենսդրության պահանջները,

- չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքեր, այդ թվում՝ պետական մարմինների շենքեր և շինություններ կամ այլ տարածքներ քաղաքացիների և պետական ծառայողների ազատ մուտքն ու ելքը,

- թույլ չտալ այլ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների երթևեկության անհամաչափ սահմանափակումներ,

- զերծ մնալ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքները, նաև Հանրապետության Հրապարակի համալիրն առանց իրավասու մարմինների թույլտվության օրենքով չնախատեսված այլ նպատակներով օգտագործելուց, այդ թվում՝ վրաններ տեղադրելու եղանակով։

Այս համատեքստում Ոստիկանությունը հիշեցնում է, որ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի ուժով հուշարձանները գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով, ինչպես նաև իրենց սկզբնական ու հարմարեցված (ադապտացիոն) գործառնական նշանակությամբ։ Օրենքը նաև սահմանում է, որ հուշարձանների օգտագործումը տնտեսական և այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվթարությունը, չի նսեմացնում կամ աղճատում դրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեքը։

Այսպիսով, Ոստիկանությունը հավաքի անցկացման նպատակով վրանների տեղադրումը պատմության և մշակութային հուշարձաններին հարող տարածքներում և դրանց օգտագործումը դիտարկում է անհամատեղելի այդ վայրի պատմական և մշակութային նշանակության հետ և դրա գեղարվեստական արժեքը նսեմացնող, քանի դեռ առկա չէ իրավասու պետական մարմնի համաձայնությունը՝ կոնկրետ հավաքի անցկացման համար վրանների տեղադրման կամ այլ առարկաների օգտագործման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio