ՀՀ պետական սահմանը չի կարող որոշվել վարչատարածքային բաժանման մասին օրենքով. Արման Թաթոյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i130437-ՀՀ_պետական_սահմանը_չի_կարող_որոշվել_վարչատարածքային_բաժանման_մասին_օրենքով._Արման_Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին կարգավորումներն ու պետական սահմանի որոշման հարցերը միանգամայն տարբեր երևույթներ են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2020 14:41 Asia/Tehran
  •  ՀՀ պետական սահմանը չի կարող որոշվել վարչատարածքային բաժանման մասին օրենքով. Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին կարգավորումներն ու պետական սահմանի որոշման հարցերը միանգամայն տարբեր երևույթներ են:

Այն մոտեցումը, որով Հայաստանի պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կապվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի հետ, անթույլատրելի է: Նման հայտարարություն է տարածել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ըստ էության պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունքի մարզում արած հայտարարությանը:

Ըստ պաշտպանի՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին կարգավորումներն ու պետական սահմանի որոշման հարցերը միանգամայն տարբեր երևույթներ են: Դրանք չի կարելի նույնացնել, ու առավել ևս երկրի պետական սահմանը չի կարող որոշվել վարչատարածքային բաժանման կանոններով:

«Այս մոտեցումն այլ հարցերի թվում մինչ այս պահը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել մեր երկրի սահմանային բնակիչներին, լրջորեն վտանգել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, տնտեսական գործունեությամբ զբավելու և կենսական կարևորության այլ իրավունքներ կամ արդեն իսկ կոպտորեն խախտել է նրանց իրավունքները: Այդ մոտեցումը վտանգել է նաև ՀՀ պետական սահմանների անվտանգությունը»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:

Թաթոյանը նշում է, որ երկրի վարչատարածքային միավորների արտաքին սահմանները նկարագրելիս «Ադրբեջանի Հանրապետություն» բառերը առավելագույնը կարող են օժանդակող դեր ունենալ, բայց պետական սահմանների տեղորոշման դեպքում ընդամենը երկրորդական նշանակություն ունեն: Մինչդեռ, ՀՀ պետական սահմանները կարգավորվում են «Պետական սահմանի մասին» օրենքով:

Այս օրենքը նաև ամրագրում է, որ պետական սահմանի պահպանությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համակարգի անբաժանելի մասն է, որը երաշխավորում է պետական սահմանի անձեռնմխելիությունը:

Իսկ եթե սահմանների որոշման հարց է առաջ եկել, ապա այդ գործընթացը պետք է նախապատրաստվի ու իրականացվի հատուկ աշխատանքային խմբի կամ հանձնաժողովի կողմից, դրանք պետք է աշխատանքներ տանեն տեղերում, պետք է հատուկ այդ նպատակի համար լինեն պատշաճ իրավական հիմքեր, ներգրավվեն հատուկ մասնագետներ և այլն:

«Երկրի պետական սահմանները որոշելու ժամանակ առաջնահերթ ուշադրություն պետք է դարձվի սահմանային բնակիչների իրավունքներին, նրանց անշարժ գույքին կամ այլ սեփականությանը, սահմանային բնակավայրերի կադաստրային տեղեկատվությանը վերաբերող հարցերին և այլն: Անհրաժեշտ է նախապես պարզել այն մասնավոր սեփականատերերին, որոնք սահմանների որոշման գործընթացի պատճառով զրկվելու են իրենց սեփականությունից (բնակարան, հողատարածք, ձեռնարկատիրական մասնավոր օբյեկտ և այլն): Պետք է նկատի ունենալ, որ նրանք ունեն հատուցում ստանալու արդարացի իրավունք»,- նշում է ՄԻՊ-ը:

Միջազգային պրակտիկայում, նրա խոսքով, սահմանների որոշման գլխավոր չափանիշներից է այն, թե արդյոք սահմանների որոշման գործընթացի արդյունքում երաշխավորվում են սահմանային բնակչության կյանքի բնականոն պայմաններ, արդյոք լուծվում են բնակչության համար կենսական նշանակության օբյեկտների օգտագործման կամ հասանելիության հարցերը:

Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները Հայաստանի սահմանային բնակավայրերում (Սյունիքի դեպքում՝ Տեղ, Խնածախ, Որոտան, Խոզնավար, Արավուս, Ներքին Խնձորեսկ, Կապան և այլ համայնքներ, Գեղարքունիքի դեպքում՝ Գեղամասար, Սոթք, Կութ, Նորաբակ, Տրետուկ և այլ համայնքներ) վկայում են, որ լուրջ խնդիրներ կամ վտանգներ են առաջ եկել մարդկանց իրավունքների, կենսական ապրուստը հոգալու տեսանկյունից:

Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման հարցերը, նրա դիտարկմամբ, պետք է գնահատել սահմանային բնակիչների ու առհասարակ, Հայաստանի ողջ ժողովրդի ֆիզիկական անվտանգության ու գոյության, կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու կենսական կարևորության մյուս իրավունքների երաշխավորման համատեքստում:

«Այդ երկրի նախագահի ելույթների ու հռետորաբանության ուսումնասիրությունը վկայում է ցեղասպանության սպառնալիքների մասին»,- նշում է Թաթոյանը՝ հավելելով, որ այս ամենի լեգիտիմությունը բխում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության բարձր տիտղոսից ու այն երաշխավորելու հրամանայականից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության մեջ խոսք չկա Հայաստանի տարածքների հատվածներ Ադրբեջանին տալու վերաբերյալ։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio