Սերգեյ Լավրով. Մենք ենք Խծաբերդն ու Հին Թաղերը հանձնել Ադրբեջանին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ Ղարաբաղում հրադադարի հաստատումից հետո արձանագրված միջադեպն արձանագրվել է այն վայրում, որտեղ չեն եղել ռուս խաղաղապահներ, տեղեկացնում է «Արմենպրես»–ը:
«Ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ դեռ չեն արձանագրվել: Դեկտեմբերի 13-ին շփման գծում արձանագրված միակ նկատելի խախտումը տեղի է ունեցել այնտեղ, որտեղ չկան ռուս խաղաղապահներ։ Ադրբեջանցի և հայ գործընկերների հետ շփումներում մեր խաղաղապահ զորախմբի հրամանատարության ձեռնարկած քայլերը թույլ տվեցին խուսափել միջադեպի աճից: Այսուհետ ևս կգործադրենք բոլոր ջանքերը՝ հրադադարի խախտումներ թույլ չտալու համար», ասել է Լավրովը:
Լավրովը նկատի ունի Խծաբերդի եւ Հին Թաղերի «միջադեպը», որը ռուսական կողմը համարում է հրադադարի խախտման միակ դեպքը: Նա չի խոսել այն մասին, թե ինչպես է «հաջողվել խուսափել միջադեպի աճից»:
Կրեմլի խոսնակը հայտարարում է, որ նման միջադեպերը լրացուցիչ գլխացավանք են ռուս խաղաղապահների համար, իսկ ՀՀ վարչապետն էլ ասում է, թե հայկական կողմը ռուս խաղաղապահների ներկայությամբ դիմադրելու կաշկանդվածություն է ունենում:
Այս ֆոնին, Լավրովի հայտարությունը նշանակում է, որ նմանատիպ այլ դեպքերում էլ գործելու է նույն սխեման, միայն թե ռուս խաղաղապահները չընկնեն ավելորդ գլխացավանքների մեջ:
lragir.am