Ավելի քան 3300 զոհ ղարաբաղյան 44-օրյա պատերազմում
Հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին: Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս մարմիններից և աճյուններից վերցվել է 1441 նմուշ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Հունվարի 1-ի դրությամբ մարմինների կամ աճյունների 871 նմուշ գտնվում է հետազոտման փուլում: Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 436 մարմին: Վերջին 10 օրերին նույնականացվել է 66 մարմին: Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մասնագետներն առանց հանգստի շարունակում են հետազոտությունները և նույնականացումները։
Դեկտեմբերի 28-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս պատերազմում սպանվել են այդ երկրի երկու հազար 823 զորայիններ: