Նիկոլ Փաշինյանն ուրվագծել է մոսկովյան այցի առաջնահերթությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i130767-Նիկոլ_Փաշինյանն_ուրվագծել_է_մոսկովյան_այցի_առաջնահերթությունները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտնի հայտարարության հարցում Հայաստանի առաջնահերթությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2021 15:18 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանն ուրվագծել է մոսկովյան այցի առաջնահերթությունները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտնի հայտարարության հարցում Հայաստանի առաջնահերթությունները:

Ըստ գրառման՝ դրանք են. ռազմագերիների, զոհվածների մարմինների լիարժեք վերադարձ, նաև լիարժեք որոնողափրկարարական աշխատանքներ արցախյան պատերազմի գոտում՝ անհետ կորածներին հայտնաբերելու համար: Մյուս առաջնահերթությունը տրանսպորտային հաղորդուղիների լիարժեք բացումն է՝ Հայաստանի և Ադրբեջանի համար հավասարապես: Փաշինյանը հերթական անգամ նշել է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ խոսք չկա Մեղրու կամ ՀՀ որևէ այլ հատվածով «միջանցքի» մասին: Հայաստանի վարչապետն այդպիսով ակնարկում է, որ խոսքը տրանսպորտային հաղորդակցության ապահովման մասին է:

Անշուշտ, ծանր պարտության, մարդկային ու տարածքային ծանրագույն կորուստների, ինքնիշխանությանը հասցված էական հարվածի պայմաններում խոսել այն ամենի մասին, ինչի մասին նշում է Նիկոլ Փաշինյանը, չափազանց բարդ է ու ծանր: Հայաստանում բոլորը ցանկանում են խոսել թշնամու հանդեպ ռևանշի, կորսված հաղթանակը հետ բերելու մասին, և դա միանգամայն բնական է:

Մյուս կողմից՝ որքան էլ ծանր է պարտությունը, դրա անընդմեջ ռեժիմից դուրս գալու համար պետք է այն ընդունել, չհամակերպվել, սակայն հաշվի առնել ստեղծված իրողություններն ու, դնելով նվազագույն անհրաժեշտ խնդիրները, սկսել կառուցել նոր հաղթանակի ճանապարհը: Այդ ճանապարհին Փաշինյանի թվարկած առաջնահերթությունները իսկապես կարևոր են, հատկապես դրանցից առաջինը՝ գերիների վերադարձ և անհետ կորած զինծառայողների վերադարձ, եթե նրանք ողջ են, և նրանց մարմինների վերադարձ, եթե զոհվել են:

Միաժամանակ, Հայաստանը պետք է պատրաստ լինի տրանսպորտային հաղորդուղիների բացմանը՝ օգտվելով այդ ռեժիմից հենց իր հաղթանակի ճանապարհը կառուցելու համար: Բայց դրա համար շատ կարևոր է, որ հաղորդուղիները բացվեն առանց որևէ նախապայմանի կամ այլ կերպ ասած՝ առանց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հարցում իրավաքաղաքական որևէ զիջման, ռազմաքաղաքական կշռի որևէ գրամ թուլացման, եթե անգամ այդ կշիռը նվազել է էապես:

1in.am