«Սխալ հրամանների պատճառով զոհվել են մեր երեխաները»․ զինվորների ծնողները ՔԿ-ում են
https://parstoday.ir/hy/news/armenia-i130890-Սխալ_հրամանների_պատճառով_զոհվել_են_մեր_երեխաները_զինվորների_ծնողները_ՔԿ_ում_են
Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի քանի տասնյակ ծնողներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն մոտ։ Նրանք պահանջում են քննիչներից քննել սպայակազմին վերաբերող քրեական գործերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2021 12:21 Asia/Tehran
  • «Սխալ հրամանների պատճառով զոհվել են մեր երեխաները»․ զինվորների ծնողները ՔԿ-ում են

Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի քանի տասնյակ ծնողներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն մոտ։ Նրանք պահանջում են քննիչներից քննել սպայակազմին վերաբերող քրեական գործերը:

«Մենք մեր ուժերով ենք գնացել ու գտել տղայիս մարմինը։ Նոյեմբերից հաղորդում ենք տվել հանցագործության մասին։ Հրամանատարների սխալ հրամանների պատճառով զոհվել են մեր երեխաները։ Սխալ ուղղություններով են տարել, սխալ մարտավարություն են վարել։ Նրանք պետք է պատասխան տան», - լրագրողների հետ զրույցում ասել է զոհված զինծառայող Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Գարիկ Մխիթարյանը։

Մի խումբ զոհված զինծառայողների ծնողներ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել և դիմումներ են գրել քննչական կոմիտե։

«Դեռ շատ մարդիկ կան, որոնք պետք է քննվեն: Քննիչներն ասում են, որ նրանք Ղարաբաղում արդեն քննվել են: Բայց խնդրի լուծումը մնացել է օդում»,- նշեց Մխիթարյանը:

Նա լրագրողներին ասաց, որ քրեական գործերի ձգձգման միտում չի տեսնում, ուղղակի խնդրում է, որ բոլոր բաժինների քննիչներն ավելի արագ ու արդյունավետ աշխատեն։

Հիշեցնենք, որ Լեռնային 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների վերջնական թիվը դեռ հայտնի չէ, մինչ օրս հրապարակվել է զոհվածների մոտ 2000 անուն։ Հունվարի 4-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3360 զոհված զինծառայողի մարմին կամ մասունք։

Նշենք, որ նոյեմբերի 13-ից մինչև հունվարի 10-ը իրականացած որոնողական աշխատանքների արդյունքում Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերվել է 1211 դի, գտնվել է 9 ողջ մարդ, 7-ը զինծառայող, 2-ը քաղաքացիական անձ՝ հայր և որդի Հադրութից։

armeniasputnik.am