Լուսավոր Հայաստանն առաջարկում է նոյեմբերի 9-ի թղթով վարչապետի գործողություններն անօրինական համարել
ՀՀ Ազգային ժողովը, որը միակ մարմինն է, որին տրվել է խորհրդարանական պետության հիմնական մանդատը, չի կարող մեկուսացած մնալ քաղաքական-իրավական եւ ռազմաքաղաքական գործընթացներից:
Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ընթացիկ իրավիճակի եւ դրանից ելքի ուղիների մասին, ինչպես նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հայտարարության իրավազորության մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը, հայտնում է News.am-ը:
Նրա խոսքով՝ բազմաթիվ հարցերի լուծման նպատակով անհրաժեշտ է քննարկել տվյալ նախագիծն ու վերջին հաշվով ելք գտնել ստեղծված իրավիճակից:
Այսպիսով, «Լուսավոր Հայաստանը» ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ԼՂ հարցով եռակողմ հայտարարության ստորագրման ժամանակ ՀՀ վարչապետի գործողությունների օրինականության առնչությամբ խորհրդարանի որոշման նախագիծը:
Սիմոնյանը, մասնավորապես, պարզաբանեց, որ տվյալ դեպքում խոսքը որոշման նախագծի մասին է, որի քննարկումն ավելի վաղ արգելափակել է «Իմ քայլը», քանի որ նրա ներկայացուցիչները ներկա չեն եղել ԱԺ խորհրդի նիստին: Նա նաեւ նկատեց, որ ՀՀ վարչապետը կարող է ստորագրել այս կամ այն հայտարարությունը, սակայն նոյեմբերի 9-ի հայտարարության դեպքում ստացվեց, որ Հայաստանը, փաստացի, ստանձնեց որոշ պարտավորություններ պետական մակարդակով, իսկ դա չէր կարող տեղի ունենալ առանց ԱԺ համապտասխան որոշման, քանի որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է: Սիմոնյանը նկատեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հաշվի առնելով իրականացված կետերը, որոնք նշված են դրանում, տվյալ հայտարարությունը փաստացի վերածել է համաձայնագրի՝ բարձրացնելով դրա իրավական նշանակությունը: Դրանից ելնելով՝ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է վարչապետի գործողություններն անօրինական համարել: Նախագծի հեղինակը կարծում է, որ ՀՀ կառավարությունը, փաստացի, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ ստանձնելով խորհրդարանի գործառույթներն ու պարտավորությունները:
lragir.am