Արա Այվազյան. Հայկական կողմերի առաջնահերթություններից է Լեռնային Ղարաբաղի տարածքների դեօկուպացիան
«Հրադադարի վերջին լուրջ խախտումը տեղի է ունեցել երեկ, որի հետեւանքով Արցախի ՊԲ զինծառայող է վիրավորվել: Խստորեն դատապարտել ենք ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները»,-ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ այսօրվա աշխատանքային հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:
Նա հավելեց. «Որոշ դեպքերում խախտումները եղել են փոխկապակցված, ինչպես Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին թաղեր գյուղերի ուղղությամբ ադրբեջանական հարձակումը, որի հետեւանքով գերեվարվեց 64 զինծառայող: Այդ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումն ու քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլեւ ժնեւյան կոնվենցիաները: Նման գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձեւավորման ջանքերին, քանի որ դրա կարեւոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է, ոչ թե պատանդառությունն ու հայատյացության շարունակությունը»:
Նախարարի խոսքով. «Հայաստանն ամենաբարձր մակարդակով հետապնդում է ռազմագերիների վերադարձման խնդիրը, ինչի մասին ՀՀ վարչապետը հայտարարել է հունվարի 11-ին. «Հայաստանը կշարունակի ջանքերը՝ բոլոր ռազմագերիների եւ պատանդների վերադարձի, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման նպատակով: Այս ուղղությամբ ԱԳՆ-ն գործակցում է միջազգային գործընկերների հետ»:
Արա Այվազյանը նաեւ նշեց, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետեւանք է. «Դեռեւս որեւէ հակամարտություն չի կարգավորվել ուժի կիրառմամբ: Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի հետեւանքների վերացման համար: Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ հովանու ներքո շարունակել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Հայկական կողմերի առաջնահերթություններից է Լեռնային Ղարաբաղի տարածքների դեօկուպացիան եւ այդ տարածքներից տեղահանված արցախահայության անվտանգ վերադարձի ապահովումը»:
https://orakarg.com