Ի՞նչ նպատակ է հետապնդում ճանապարհների բացման ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i131119-Ի_նչ_նպատակ_է_հետապնդում_ճանապարհների_բացման_ծրագիրը
Lragir.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2021 08:35 Asia/Tehran
  • Ի՞նչ նպատակ է հետապնդում ճանապարհների բացման ծրագիրը

Lragir.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

Պարոն Պապյան, Մոսկվայում եռակողմ հանդիպումից հետո հայտարարվում է, որ ենթակառուցվածքների ապաշրջափակումը կնպաստի նաև Հայաստանի զարգացմանը։ Ի՞նչ օգուտներ կարող է Հայաստանն ունենալ այս ծրագրից։

Իրականում դա ավելի շատ քարոզչություն է, քան իրականություն, որովհետև շատ ավելի կարևոր են մանրամասները և հանգամանքները։

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դա դեպի Ռուսաստան ճանապարհ կբացի մեզ համար։ Դեպի Ռուսաստան գնալու համար հայը կամ հայաստանյան բեռը պետք է անցնի Նախիջևանի տարածքով՝ բավական երկար՝ 200 կմ, հետո Մեղրու միջանցքով, հետո ևս մի քանի հարյուր կմ, այդ թվում՝ Բաքվի միջով պետք է անցնի։ Այսինքն՝ այդ ճանապարհը լրիվ չվերահսկվող ճանապարհ է և գտնվելու է ադրբեջանական վերահսկողություն ներքո։ Հետևաբար, անվտանգության որևէ երաշխիք չկա։ Եվ դա համեմատել ադրբեջանական հնարավորությունների հետ, սխալ է, որովհետև ադրբեջանցիներն անցնելու են ընդամենը 48 կմ Մեղրու միջանցքով։ Եվ ամենակարևորը, այդ հատվածը վերահսկվելու է ռուսական անվտանգության ուժերի կողմից, դա ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։

Հետևաբար, իրենք Հայաստանի տարածքում լինելու են անվտանգ, մենք իրենց տարածքում լինելու ենք վտանգի մեջ։ Այսինքն՝ ամենակարևոր հարցը՝ անվտանգությունն ապահովված չէ՝ լինի անձ, լինի բեռ, որովհետև բեռները նույնպես ենթակա կլինեն հափշտակման, փչացման ու կորստի։ Էլ չեմ խոսում այն մասին, որ եթե շուտ փչացող բեռ է, այդ ճանապարհով ուղղակի անիմաստ է տեղափոխելը։ Շատ ավելի հեշտ ու ձեռնտու է Վրաստանի տարածքով տեղափոխելը, որովհետև պետք է հասկանանք, որ մեր արտահանման հիմնական մասը կամ դեպի Ռուսաստանի եվրոպական մաս է գնում, կամ դեպի եվրոպական երկրներ։

Այսինքն՝ նաև տնտեսական առումով այդ ճանապարհը մեզ ձեռնտու չէ։ Եթե նույնիսկ հատուկ սառնարանային վագոններ օգտագործվեն, որևէ երաշխիք չկա, որ բեռները տեղ կհասնեն։ Մենք դա տեսել ենք 1980-ականներն վերջին, երբ վագոնը տանում էին փակուղի, երկու օր հոսանքն անջատում էին, միջի ապրանքը նեխում էր։

Այստեղ նաև մեկ այլ խնդիր կա՝ Հայաստանը չունի երկաթուղային շարժակազմ, անգամ մեկ սեփական վագոն չունենք։ Ամեն ինչ 2008-ին ծախվել է ռուսներին։ Հիմա հարց է առաջանում՝ արդյոք «Հարավկովկասյան երկաթուղիները» այդ ներդրումները կանե՞ն, փորձը ցույց է տալիս, որ ոչ։ 2008 թվականից ունենալով կոնցեսիոն կառավարում և Երևան-Գյումրի աշխատող գիծը, այդ գծի համար իրենք օգտագործում են 60-ական թվականների վագոններ, որոնք նույնիսկ ռուսական ստանդարտներով արգելված են։ Բայց իրենք սիրուն ներկել են ու օգտագործում են, այսինքն՝ եթե անող լինեին, այդ հատվածի համար կանեին ներդրումներ։ Իրենք Ադրբեջանի վրա վստահություն չունեն, եթե այդ վագոնն ուղարկեն, Ադրբեջանում ջարդեն-փշրեն, ո՞ւմ վրա է մնալու ծախսը։

Իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում ճանապարհների բացման ծրագիրը։

Իրենց նպատակը շատ մեծ է։ Ադրբեջանը Նախիջևանի հետ ուղղակի ցամաքային ճանապարհ է ապահովում։ Առ այսօր օգտագործում են ինքնաթիռը, որը շատ թանկ է։ Իսկ այդ ճանապարհը շատ հարթ է, իրենք կարող են 100 վագոն տանել մեկ գնացքով։ Նախիջևանը դատարկվում է, մարդաթափ է լինում, այս ծրագրով իրենք կծաղկեցնեն, որը մեզ համար վտանգավոր է։ Մենք մարդաշատ ու ծաղկուն Նախիջևանի կողքին կունենանք մարդաթափ եղած Զանգեզուր ու Արցախ։ Իրենց մյուս նպատակը դրա շարունակությունն է։ Վաղուց կան ծրագրեր, որ Ջուլֆայից Իգդիր երկաթուղի կառուցվի, ապա Իգդիրից դեպի Արևմուտք ու Հյուսիս միանա Կարսին՝ ըստ էության շրջանցելով Հայաստանը։ Կարող է իրենք բեռների համար ժամանակավոր օգտագործեն Ջուլֆա-Գյումրի-Կարս երկաթուղին, բայց դա քիչ հավանական եմ համարում։

Այստեղ ուրիշ հարց էլ կա՝ որևէ մեկը չի ասում՝ Մեղրու 46 կամ 48 կմ-ոց երկաթուղին, որը թալանվել է, ո՞ւմ փողերով է կառուցվելու։ Դա դե յուրե Հայաստանի տարածք է, դե ֆակտո արդեն մենք չենք տնօրինելու, այլ ռուսները։ Մեր վզին են դնելու այդ ծախսը։ Նռնավանից մինչև Հորադիզ 100-ից ավելի կմ երկաթուղին թալանվել է։ Ադրբեջանը դա կառուցելու է, մենք ունե՞նք երաշխիք, որ այդ հաշիվը չի ներկայացվելու մեզ։ Արդյոք իրենք չեն ասելո՞ւ, որ հայերն են թալանել երկաթուղին։ Իրենք ասում են, որ այդ 100 կմ համար 345 մլն դոլար ծախս է պահանջվելու, դա շատ մեծ թիվ է։ Ես մասնագետնորի հետ խոսել եմ, նման երկաթուղի կառուցելու համար 200-250 հազար դոլար է պահանջվում մեկ կմ համար։ Այսինքն՝ 20-30 մլն դոլարի մասին է խոսքը։ Իրենք 10 անգամ ավելի թիվ են ասում, ինչո՞ւ են դա անում, որպեսզի մեզանից պոկեն։

Այսինքն՝ այս ամբողջը հեքիաթներ են, որոնցով մեր իշխանությունը փորձում է մեզ սնուցել՝ քողարկելու համար, որ բանակցություններում պարտվել է։

Մյուս խնդիրն այն է, որ Թուրքիայի հետ ինչ-որ բաներ բացելու մասին են խոսում։ Թուրքիայի հետ մեր ճանապարհը միշտ բաց է եղել, ընդհանուր սահմանը բաց չի եղել։ Թուրքիան տարեկան Հայաստան է արտահանել մոտ 300 մլն դոլարի ապրանք։ Մենք ընդամենը 3 մլն-ի ենք արտահանել։ Այսինքն՝ այդ ճանապարհը չի եղել խոչընդոտ, եթե ճանապարհը խոչընդոտ էր, ուրեմն Թուրքիան էլ չպետք է կարողանար արտահանել։ Հիմա հեքիաթներ են պատմում, թե ճանապարահները կբացվեն, կարտահանենք։ Չենք արտահանելու, նախ պետք է երկիրը շտկեն։

Երբ Թուրքիան անդամակցել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, վերապահումներ է արել որոշակի ապրանքների նկատմամբ, այսինքն՝ ասել, որ այս ապրանքների վրա չեն տարածվի ԱՀԿ օրենքները։ Դա նշանակում է, որ դու կարող ես ունենալ զրո տոկոս, 5 կամ 10 տոկոս մաքսեր, ոչ ավելի։ Մենք վերապահում չենք արել։ Այսինքն՝ Թուրքիայից Հայաստան եկողի վրա մենք առավելագույնը կարող ենք դնել 10 տոկոս մաքս, իսկ իրենք կարող են 100, 200, 300 տոկոս մաքս դնել մեր ապրանքների վրա։ Եվ այն ապրանքները, որոնք մենք նույնիսկ տեսականորեն կարող ենք վաճառել Թուրքիայում, իրենք մաքսերը կավելացնեն, չենք կարող վաճառել։ Այսինքն՝ իրենք դե յուրե չեն արգելի մեր ապրանքների մուտքը Թուրքիա, բայց այդ ապրանքը դու չես կարողանա վաճառել։

Այստեղ նաև հարցը այն է, թե դա լա՞վ է, թե վատ, որ սահմանը փակ է։ Իմ խորին համոզմամբ՝ ներկա վիճակում փակ սահմանը մեզ ձեռնտու է, որովհետև մենք մեր գյուղացիներին փրկում ենք սնանկացումից։ Բնակլիմայական պայմաններն Արևմտյան Հայաստանում շատ ավելի տաք են, քան մեզ մոտ, և հողակտորները շատ ավելի մեծ են, գյուղատնտեսությունն այնտեղ ավելի զարգացած է։ Եվ ցածր ինքնարժեքով գյուղմթերքն իրենք կբերեն ու լցնեն մեր շուկա, մերը չի վաճառվի։

Մյուս հարցը՝ թե մենք թույլ ենք տալու թուրքական կապիտալը մտնի Հայաստան, նշանակում է այդ կապիտալը պետք է գնումներ անի Հայաստանում։ Այսօր 3-5 մլրդ դոլարը թուրքի համար փող չէ։ Նրանք եթե 5 մլրդ դոլարի գույք գնեն Հայաստանում, Հայաստանից  բան չի մնա։

Սյունիքում ի՞նչ խնդիրներ կարող են  առաջանալ այս ամենի հետևանքով։

Սյունիքի բնակչության զգալի մասն ապրում է այն բանի շնորհիվ, որ տարեկան հազարավոր իրանական բեռնատարներ են գնում Սյունիքով։ Հիմա երկութուղու կառուցման պարագայում այդ հոսքն էապես կրճատվելու է, որովհետև մարդիկ բեռները տանելու են երկաթուղով, Նախիջևան են մտցնելու և Նախիջևանով են տանելու։ Նույնը Հայաստան բեռներ բերելու դեպքում, այսինքն՝ սա նշանակում է, որ Զանգեզուրը դուրս է մնում ապրանքաշրջանառությունից։ Իսկ եթե չկա աշխատանք, կա արտագաղթ։ Այսօր Սյունիքում ահագին գյուղերից խլվել են հողատարածություններ, արոտավայրեր, մարդիկ աշխատանքի խնդրի առաջ են կանգնում։ Ավելին ասեմ, այն մեքենաները, որոնք կգնան Զանգեզուրով և կհայտնվեն սահամանամերձ հատվածում, ադրբեջացնիենրը դրանց վրա պարբերաբար կկրակեն, ահ ու վախ կներշնչեն միայն նրա համար, որ այդ բեռնատարները չգնան։ Եվ դու չես կարողանա ոչինչ ապացուցել։

lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio