Այվազյանը Հնդկաստանի ԱԳ նախարարին երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդի հետ համերաշխության համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i133932-Այվազյանը_Հնդկաստանի_ԱԳ_նախարարին_երախտագիտություն_է_հայտնել_հայ_ժողովրդի_հետ_համերաշխության_համար
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը փետրվարի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2021 08:31 Asia/Tehran
  • Այվազյանը Հնդկաստանի ԱԳ նախարարին երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդի հետ համերաշխության համար

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը փետրվարի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ գոհունակություն հայտնելով ավանդական բարեկամության և փոխըմբռնման վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործնական ջանքեր ձեռնարկել երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ:

«ԱԳ նախարարներն ընդգծել են միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված փոխաջակցությունը և սերտ փոխգործակցությունը: Այս համատեքստում նախարար Այվազյանը  նախարար Ջայշանկարին շնորհավորեց Հնդկաստանի՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ այդ անդամակցությունը կծառայի ի շահ խաղաղության և անվտանգության  համընդհանուր նպատակների առաջմղման»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են նաև, որ նախարարներ Այվազյանը և Ջայշանկարն անդրադարձել են միմյանց տարածաշրջաններում անվտանգության և խաղաղության հարցերի: Երկուստեք ընդգծվել է հակամարտությունների՝ բոլորի շահերը հասցեագրող խաղաղ կարգավորման հրամայականը: Այդ առնչությամբ Արա Այվազյանն երախտագիտություն է հայտնել իր գործընկերոջը՝ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում հայ ժողովրդին հայտնած համերաշխության համար:

Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև COVID-19 համավարակի հաղթահարման և այդ գործընթացում միջազգային համագործակցության շուրջ՝ նշելով, որ համավարակի դեմ պայքարում առաջնահերթ պետք է լինի միասնականությունը։ Այս համատեքստում նախարար Այվազյանը բարձր է գնահատել նախորդ տարեսկզբին COVID-19 համավարակի ընթացքում Հնդկաստանի՝ Հայաստանին ցուցաբերած աջակցությունը։

armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio