Հայաստանում մեկնարկում է լաբորատորիաների զարգացման ծրագիր
https://parstoday.ir/hy/news/armenia-i135550-Հայաստանում_մեկնարկում_է_լաբորատորիաների_զարգացման_ծրագիր
Հայաստանում մեկնարկում է լաբորատորիաների ղեկավարների և առաջնորդների համար նախատեսված գլոբալ ծրագիր, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC), Եվրոպայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ECDC), Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) և Հանրային առողջության լաբորատորիաների ասոցիացիայի (APHL) կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2021 16:18 Asia/Tehran
  • Հայաստանում մեկնարկում է լաբորատորիաների զարգացման ծրագիր

Հայաստանում մեկնարկում է լաբորատորիաների ղեկավարների և առաջնորդների համար նախատեսված գլոբալ ծրագիր, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC), Եվրոպայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ECDC), Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) և Հանրային առողջության լաբորատորիաների ասոցիացիայի (APHL) կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, Կովկասի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ծրագրի տեխնիկական ներդրման համար պատասխանատու է «Լաբորատոր որակյալ ինտեգրացված ծառայություններ» (IQLS) կազմակերպությունը, որի գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Պիերսոնի (Ֆրանսիա) և նույն կազմակերպության լաբորատոր միջազգային մասնագետ Արսեն Զաքարյանի (Կանադա) հետ այսօր հանդիպել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյան:

Ծրագրի նպատակն է խթանել և դասընթացների միջոցով ազգային լաբորատոր համակարգերում ստեղծել, ուժեղացնել և ապահովել կայուն զարգացման հնարավորություններ այդ համակարգերում գործող առաջնորդների համար՝ ուղղորդված «Մեկ առողջություն» ռազմավարությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի մանրամասները, հստակեցվել ու համաձայնեցվել են այն իրականացնելու համար կողմերի պարտավորությունները։

Պարոն Պիերսոնը նշել է, որ ակնկալվում է տեխնիկական աշխատանքային խմբի ստեղծում՝ ընդլայնելով գոյություն ունեցող այն խմբերի գործառույթները, որոնք արդեն իսկ ներգրավված են բժշկական, անասնաբուժական, սննդի և ջրի անվտանգության լաբորատորիաներին առնչվող հարցերում։ Նա հատկապես շեշտել է, որ շատ հաճախ իրենց փորձագետները նշում են հայաստանյան լաբորատորիաների աճի ու կայացման գործընթացը՝ որպես աստիճանական-կայուն զարգացման օրինակ:

Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, որ ՍԱՏՄ-ն կներդնի իր բոլոր հնարավորություններն ու ներուժը ծրագրի իրականացմանը նպաստելու համար:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio