Ընդդիմությունը փողոցներ փակելով ինքնավնասարարությամբ է զբաղվում. Նրանց գործելաոճը չի բխում Հայաստանի շահերից
https://parstoday.ir/hy/news/armenia-i135568-Ընդդիմությունը_փողոցներ_փակելով_ինքնավնասարարությամբ_է_զբաղվում._Նրանց_գործելաոճը_չի_բխում_Հայաստանի_շահերից
Գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակը մարտի 10-ին հանգուցալուծվեց իրավունքի ուժով: Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանն այլևս շտաբի պետի պաշտոնում չէ՝ այն բանից հետո, երբ նախագահ Արմեն Սարգսյանը երկրորդ անգամ չստորագրեց վարչապետի միջնորդությունը, որով նախագահին առաջարկվում էր պաշտոնից ազատել Օնիկ Գասպարյանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2021 07:17 Asia/Tehran
  • Ընդդիմությունը փողոցներ փակելով ինքնավնասարարությամբ է զբաղվում. Նրանց գործելաոճը չի բխում Հայաստանի շահերից

Գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակը մարտի 10-ին հանգուցալուծվեց իրավունքի ուժով: Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանն այլևս շտաբի պետի պաշտոնում չէ՝ այն բանից հետո, երբ նախագահ Արմեն Սարգսյանը երկրորդ անգամ չստորագրեց վարչապետի միջնորդությունը, որով նախագահին առաջարկվում էր պաշտոնից ազատել Օնիկ Գասպարյանին:

Ինչպես հայտնի է, այդ ճգնաժամն առաջացավ ԳՇ հայտնի հայտարարությունից հետո, որով մի քանի տասնյակ գեներալ, Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, արել էին վարչապետի և կառավարության հրաժարականի կոչ: Օնիկ Գասպարյանն իր պաշտոնանկության իրավունքի ուժով տեղի ունենալու մասին վարչապետի հայտարարությունից հետո զինվորականությանն է դիմել ուղերձով: Գասպարյանը նշել է, որ շարունակում է իր պաշտոնանկությունը դիտարկել հակասահմանադրական և արդեն այլ կարգավիճակով, բայց վիճարկելու է դա Վարչական դատարանում: Գասպարյանը միաժամանակ կոչ է արել զինվորականությանը շարունակել ծառայել հայրենիքին և ժողովրդին: ԳՇ-ն դրանից հետո հայտարարել է, որ Գասպարյանի ուղերձը ընդունում է որպես հանձնարարական:

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Օնիկ Գասպարյանի ազատումով ըստ էության կարելի է այս լարված վիճակը ավարտված համարել, բայց դրանից հետո իշխանությունը պետք է  քաղաքական հետևություններ անի այսուհետ պետական մարմինները  Սահմանադրության շրջանակներում պահելու համար, որպեսզի այսուհետ նման դեպքեր չարձանագրվեն, երբ այս կամ  այն պետական կառույցը լեգալ իշխանության դեմ դեմարշներ իրականացնի։

Ինչ վերաբերում է կատարվածին իրավաքաղաքական գնահատական տալուն, ապա Խուրշուդյանը կարծում է, որ քայլերի հաջորդականություն կա: «Գուցե պարտադիր չէ, որ ամեն ինչ միաժամանակ տեղի ունենա, բայց իրավաքաղաքական գնահատականը կատարվածին վաղ թե ուշ պետք է տրվի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ բանակը, բանակի գերագույն ղեկավարությունը իր հերթին պետք է հետևություններ անի։

Ըստ Խուրշուդյանի՝ խորքային բարեփոխումներ պետք է իրականացնի նաև կառավարությունը՝ ոչ միայն մարտունակությունը ավելացնելու առումով, տակտիկական և ռազմավարական մշակումների առումով, այլև  կադրային  բարեփոխումների և փոփոխությունների շնորհիվ։ «Հասկանալի է, որ գեներալիտետի մի զգալի մասը, որը հավուր պատշաճի չկատարեց  իր պարտականությունները պատերազմի ժամանակ, պետք է իր տեղը զիջի հատկապես դաշտային հրամանատարներին, նրանց, ովքեր մարտի դաշտում ապացուցեցին իրենց կարողունակությունը, հմտությունները։ Այդպիսի մարդիկ շատ են,  նրանք ամեն ինչ կանեն, որ բանակում այսուհետ որևէ կոռուպցիոն երևույթ, թալան տեղի չունենա»,- ընդգծեց Խուրշուդյանը։

Ինչ վերաբերում է  ընդդիմության կողմից Բաղրամյան պողոտան, Դեմիրճյան փողոցը փակ պահելուն, ապա Խուրշուդյանը հակադարձում է՝ թող կանգնեն, թող փակ պահեն փողոցները, քանի որ այնտեղ կանգնելով, շարունակելով փակ պահել Բաղրամյան պողոտան՝ իրենք շարունակում են լարել լայն զանգվածներին իրենց դեմ: «Այնպես չէ, որ իրենք առանձնապես մեծ վստահություն ունեն հասարակության շրջանում, բայց այս կերպ իրենք հասարակությանն ավելի են լարում իրենց դեմ։ Իրենք իրենց վնասարարությամբ են զբաղված։  Եթե պողոտան փակվում է կարճ ժամանակով ինչ-որ քաղաքական նպատակների համար, հասկանալի է, բայց  եթե իրենց նպատակը չի արդարացվում, հասարակութան կողմից  լայն  աջակցութուն չի ստանում, ապա դա արդեն լուրջ չէ։ Իրենք իրենց վնասում են այդ կերպ։ Իրենց գործելաոճը պրոդուկտիվ, Հայաստանի շահերից բխող գործելաոճ չէ»,- ասաց Խուրշուդյանը։

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio