«Զանգեզուրով` Ադրբեջանի պատմական տարածքով» անցնող միջանցք չկա. ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին
https://parstoday.ir/hy/news/armenia-i135686-Զանգեզուրով_Ադրբեջանի_պատմական_տարածքով_անցնող_միջանցք_չկա._ԱԳՆ_ն_պատասխանել_է_Ալիևին
Նաղդալյանի խոսքով` նման հռետորաբանությունը անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը և սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2021 16:30 Asia/Tehran
  • «Զանգեզուրով` Ադրբեջանի պատմական տարածքով» անցնող միջանցք չկա. ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին

Նաղդալյանի խոսքով` նման հռետորաբանությունը անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը և սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա: Այսպես է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, ասել էր, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ»:

«Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,–ասել են Աննա Նաղդալյանը:

Անդրադառնալով Իլհամ Ալիևի այն խոսքին, թե լուծել է հակամարտությունը և կյանքի կոչել ՄԱԿ ԱԽ բանաձևերը`Նաղդալյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տանում տարածաշրջանը հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով:

«Ինչպես միշտ, Ադրբեջանը խեղաթյուրում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի դրույթները, թեև այդ նույն բանաձևերն իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի խաղաղ գործընթացին, որը գլխավորում են Մինսկի խմբի համանախագահները»,–ասել է Նաղդալյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը, և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահ երկրների դիրքորոշմանը, որը հստակորեն ընդգծում է, որ հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում:

Նա նշել է, որ ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը և պատերազմի հետևանքների վերացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio