Փորձագետը ասել է, թե ինչու է Փաշինյանը մեկնում Մոսկվա
https://parstoday.ir/hy/news/armenia-i137526-Փորձագետը_ասել_է_թե_ինչու_է_Փաշինյանը_մեկնում_Մոսկվա
Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կփորձի աջակցություն ստանալ հանրապետությունում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որոնք նախատեսված են հունիսի 20-ին, կարծում է Եվրասիական զարգացման փորձագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Ստանիսլավ Պրիտչինը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2021 12:24 Asia/Tehran
  • Փորձագետը ասել է, թե ինչու է Փաշինյանը մեկնում Մոսկվա

Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կփորձի աջակցություն ստանալ հանրապետությունում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որոնք նախատեսված են հունիսի 20-ին, կարծում է Եվրասիական զարգացման փորձագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Ստանիսլավ Պրիտչինը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր ապրիլի 7-ին Մոսկվայում նախատեսված Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները: Նրա խոսքով՝ երկրների ղեկավարները կքննարկեն Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրագործման ընթացքը և Հայաստանում անցկացվող ընտրությունները:

«Կարծում եմ, որ համալիր քննարկվելու են ռուս-հայկական հարաբերությունները: Քաղաքական առումով կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի աջակցությունը ստանա և Հայաստանում կայանալիք ընտրություններին ստանա արտաքին լեգիտիմացում», - ասել է փորձագետը։

Վերլուծաբանը հիշել է, որ Փաշինյանի վարկանիշը երկրի ներսում «անկում է» գրանցել:«Հասարակության մի մասը բացասաբար է գնահատել բանակցությունների արդյունքները (Ղարաբաղի հարցով՝ խմբ.) և Հայաստանի իշխանությունների մոտեցումը՝ հակամարտության շրջանակներում: Կա «միջուկային» ընտրազանգված, որը սատարում է Նիկոլ Փաշինյանին, բայց այն շատ ավելի փոքր է, եթե համեմատենք 2018-ի ընտրությունների հետ, երբ Փաշինյանը եկավ իշխանության: Նրա համար այստեղ կարևոր է նոր իրողությունը և, իհարկե, աջակցությունը՝ ընտրություններին վստահ մոտենալու համար», - ասաց Պրիտչինը:

«Հիմա մենք տեսնում ենք, որ իրավիճակը քիչ թե շատ դրական է զարգանում Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակցության համար: Ամենայն հավանականությամբ, ըստ ընտրությունների արդյունքների, եթե անկանխատեսելի ոչինչ տեղի չունենա, նրանք կմնան իշխանության», - կարծում է քաղաքագետը:

Փորձագետի կարծիքով՝ Մոսկվայում կայանալիք բանակցությունների թեմա կդառնան ռուս-հայկական տնտեսական համագործակցության ակտիվացման նախագծերը, «առավելապես կքննարկվեն քաղաքական խնդիրներ և նոր պայմաններում երկկողմ համագործակցության հնարավորություններ»:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Մարտի 28-ին Արմավիրի մարզի բնակիչների հետ հանդիպմանը նա հայտարարել էր, որ ապրիլին պաշտոնապես հրաժարական կտա՝ խորհրդարանը լուծարելու մեխանիզմը գործարկելու համար, բայց ղեկավարելու է կառավարությունը մինչ ընտրություններ:

aysor.am