Իգոր Կրասնովը Արթուր Դավթյանին հրավիրել է Սանկտ Պետերբուրգում կայանալիք խորհրդաժողովին
Ռուսաստանի գլխավոր դատախազի և Արթուր Դավթյանի այսօր` ապրիլի 8-ին երևանյան հանդիպման արդյունքում հայտարարություն է ստորագրվել:
Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Երևան կատարած այցի ընթացքում իր հայ գործընկեր Արթուր Դավթյանին հրավիրել է մասնակցելու ամռանը Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրոպական դատախազների խորհրդաժողովին: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի դատախազության մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի գլխավոր դատախազն իր հայ գործընկերոջը հրավիրել է մասնակցելու ընթացիկ տարվա հուլիսին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Եվրոպական պետությունների դատախազությունների ղեկավարների խորհրդաժողովին, որի նախապատրաստումն իրականացնում է ՌԴ գլխավոր դատախազությունը Եվրոպայի խորհրդի և դատախազների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են դատախազների իրավապաշտպան և իրավապահ գործունեության արդիական ասպեկտները, ինչպես նաև նախանշել հետագա փոխգործակցության ուղիները ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ բազմակողմ միջազգային համաժողովների հարթակներում:
Հանդիպման արդյունքում երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև համագործակցությունը զարգացնելու մտադրության մասին հայտարարություն է ստորագրվել: Փաստաթուղթը նախատեսում է Ռուսաստանի և Հայաստանի դատախազությունների մարմինների աշխատակիցների որակավորման բարձրացման կազմակերպման հնարավորություն: Ռուսաստանի դատախազությունը հիշեցրել է, որ 2000 թվականի դեկտեմբերին ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի կողմից Ռուսաստանի Դաշնության դատախազության համալսարանին տրվել Է ԱՊՀ մասնակից երկրների՝ դատախազությունների մարմինների աշխատողների պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման բազային կազմակերպության կարգավիճակ:
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio