Գերիների անհապաղ վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե
https://parstoday.ir/hy/news/armenia-i137888-Գերիների_անհապաղ_վերադարձի_հարցով_ՄԻՊ_ը_դիմել_է_Եվրոպայի_խորհրդի_նախարարների_կոմիտե
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2021 14:00 Asia/Tehran
  • Գերիների անհապաղ վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Ներկայացված հատուկ հաղորդումը կապված է այն փաստի հետ, որ 2021թ. մարտի 9-ին ՄԻԵԴ-ը հրապարակային ծանուցում է ուղարկել Նախարարների կոմիտե՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը չի պահպանում գերիների հարցով դատարանի սահմանած ժամկետները, դատարանին տրամադրում է ընդհանրական ու սահմանափակ տեղեկություններ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդման մեջ ցույց է տրված, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»: 

Հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:

«Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:

Բացարձակ դատապարտելի է, որ ադրբեջանական իշխանությունները չեն հրապարակում իրենց երկրում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների իրական թիվը: Նրանք դրանով կրկնակի տառապանքներ են պատճառում անհայտ կորած անձանց ընտանիքներին, քանի որ նրանց համար առավել ևս անորոշ է դառնում վիճակը և սա էլ այն ֆոնին, որ ադրբեջանական իշխանություններն անընդհատ խոչընդոտում են մարմինների որոնողական և հայտնաբերման աշխատանքները:

Այս հարցերի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում պետական մակարդակով հայատյացության և թշնամանքի քաղաքականության համատեքստում:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ուղղված դիմումում ներկայացված է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պահանջների հանգամանալից վերլուծություն, կոնկրետ օրինակներով ցույց են տրված մարդու իրավունքների խախտումները և բարձրացված է գերիների անհապաղ վերադարձին աջակցելու հարց: 

Այս ամենի հետ միասին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ՀՀ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են գերիների և անհայտ կորածների ընտանիքների հետ ապահովել պատշաճ հաղորդակցություն, նրանց տրամադրել սպառիչ տեղեկություններ, գործել համակարգված, ինչպես նաև ուշադիր լինել սեփական յուրաքանչյուր խոսքի նկատմամբ՝ բացառելու համար որևէ լարվածություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

https://armenpress.am/arm/news/1048550.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio