Մինսկի խմբի համանախագահները վերականգնում են համատեղ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկվա հայտարարությունը շատ օգտակար հայտարարություն է, ԱԺ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երեկ երեկոյան համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ։ Եվ պետք է ուղիղ ասեմ, որ դա շատ օգտակար հայտարարություն է։ Եվ շատ ուրախ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերականգնում են համատեղ․․․ սա առաջին դեպքը չէ, որ համատեղ հայտարարություն են անում, բայց իմ կարծիքով՝ այս մի հայտարարությունը բովանդակային ավելի խորք ուներ։ Եվ ուզում եմ ընդգծել, որ այնտեղ հատուկ նշված էր գերիների և այլ պահվող անձանց վերադարձնելու անհրաժեշտությունը և բանակցային գործընթացը հայտնի սկզբունքների շրջանակներում շարունակելու անհրաժեշտությունը։ Ուզում եմ հիշեցնել, որ այդ հայտնի սկզբունքներից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերջնական լուծումն է»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ Հայաստանը կունենա կառուցողական դիրքորոշում՝ բանակցային գործընթացը լիարժեք վերականգնելու և հարցի լուծման իրական, վերջնական կարգավորման հասնելու նպատակով։ «Մենք պատրաստ ենք այդպիսի խոսակցության, մենք ցանկանում ենք այդպիսի խոսակցություն։ Եվ, այո, հույս ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվության»,- հավելեց նա։
lragir.am