Փաշինյան. Ադրբեջանի գործողությունները համարում եմ ապակառուցողական
«Դուք տեղյակ եք, որ մենք դիմել ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ընթացակարգերով որոշակի գործառույթներ իրականացնելու հարցով: Մասնավորապես, գիտեք, որ գոյություն ունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ճգնաժամային իրավիճակներում արձագանքման կանոնակարգ, և մենք, այդ կանոնակարգին համաձայն, գործողություններ իրականացնելու ենք:
Ընդհանուր առմամբ, մենք շարունակում ենք կոնսուլտացիաները ՀԱՊԿ շրջանակում: Գուցե գործընթացը ցանկալի արագությամբ չի ընթանում, բայց հավաքական անվտանգության մեխանիզմները կան, և մենք շարունակում ենք հետևողական աշխատանքը՝ դրանք գործարկելու ուղղությամբ»,- վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ խորհրդակցության մեկնարկրին ասաց Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում սահմանային իրադրությանը:«Նաև շարունակելու ենք դիվանագիտական ջանքերի գործադրումը՝ միջազգային հանրությանը իրադրության մասին ամբողջական տեղեկատվություն տալու և Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացնելու ուղղությամբ: Շարունակելու ենք, բնականաբար, աշխատանքը մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ: Տեղյակ եք նաև, որ աջակցության խնդրանքով դիմել եմ Ռուսաստանի նախագահին, և կոնսուլտացիաներն այս ուղղությամբ նույնպես կշարունակվեն»,- ասաց վարչապետի պաշտոնակատարն ընդգծելով. «Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի գործողությունները համարում եմ ապակառուցողական: Նրանք տարածաշրջանի լարվածությունն ավելացնելուն միտված քայլեր են ձեռնարկում: Մեր գնահատումն այն է, որ նրանք այս գործողություններով փորձում են վիժեցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների հետագա իրագործումը»:
araratnews.am