ԵԽԽՎ պատվիրակությանը ներկայացվել է հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը
https://parstoday.ir/hy/news/armenia-i141540-ԵԽԽՎ_պատվիրակությանը_ներկայացվել_է_հայկական_պատմամշակութային_ժառանգությանը_սպառնացող_վտանգը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին և ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նևիլին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2021 13:02 Asia/Tehran
  • ԵԽԽՎ պատվիրակությանը ներկայացվել է հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին և ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նևիլին:

Շեշտելով, որ հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաբարդ փուլերից մեկը, Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել հետպատերազմական շրջանում ԵԽԽՎ ցուցաբերած աջակցության համար: Նախարարի տեղակալը, մասնավորապես, կարևորել է Հայաստանի և Արցախի հարցով ԵԽԽՎ վերջին բանաձևը, որում, ի թիվս մարդու իրավունքների խախտման խնդիրների, առանձին բարձրացվել է նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում գտնվող հայկական  պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրը:

Արա Խզմալյանը ԵԽԽՎ պատվիրակներին տեղեկացրել է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով հայկական ավելի քան 2000 պատմամշակութային հուշարձան, ինչպես նաև 10 թանգարան (8-ը՝ պետական, 2-ը՝ մասնավոր)` շուրջ 20 հազար ցուցանմուշներով, մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Ընդ որում` ռազմական գործողությունների ողջ ընթացքում մշակութային կոթողները թիրախավորվել և գնդակոծվել են:

Արա Խզմալյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տիրապետության ներքո անցած տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ՝ հաշվի առնելով այդ երկրի կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող հակահայ քաղաքականությունը և հայկական ժառանգության թիրախավորված ոչնչացումը:

Նախարարի տեղակալը փաստել է, որ Ադրբեջանն արհեստական խոչընդոտներ է ստեղծում օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության առկա վիճակը գնահատելու նպատակով մշտադիտարկման այցերի, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների առաջարկությունների առումով:

araratnews.am