Աննախադեպ ակտիվ երկխոսություն,տնտեսական կապերի հաջող զարգացում. Լավրովը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i141566-Աննախադեպ_ակտիվ_երկխոսություն_տնտեսական_կապերի_հաջող_զարգացում._Լավրովը_հայ_ռուսական_հարաբերությունների_մասին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կասկած չունի, որ հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխվստահության, ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային փոխգործակցության ոգուն համապատասխան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2021 17:59 Asia/Tehran
  • Աննախադեպ ակտիվ երկխոսություն,տնտեսական կապերի հաջող զարգացում. Լավրովը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կասկած չունի, որ հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխվստահության, ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային փոխգործակցության ոգուն համապատասխան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Լավրովը հայտարարել է «Аргументы и Факты»-ին տված հարցազրուցում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե հաջողվել է արդյոք Ռուսաստանին պահպանել ջերմ հարաբերությունները Հայաստանի հետ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությունում նրա համար անբարենպաստ ելքը:

«Մեր երկիրը միշտ պատրաստ է ձեռք մեկնել եղբայրական հայ ժողովրդին: Դրա վկայությունն են Ռուսաստանի, անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հաջողվել է հասնել Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը ռազմական գործողությունների դադարեցմանը, գործարկել տարածաշրջանում իրադրության կարգավորման գործընթացը:

Այսօր կարելի է ասել, որ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի իրենց հայտարարություններում, ընդհանուր առմամբ հաջողությամբ իրականացվում են: Դա վերաբերում է, մասնավորապես, հակամարտության հումանիտար և սոցիալ-տնտեսական հետեւանքների վերացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը: Ռուսական աջակցությունը բարձր է գնահատվում հայ ընկերների կողմից»,- ասաց Լավրովը:

ՌԴ արտաքին գործերի նախարարը նաև ընդգծեց, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղի խնդրով: Ռուսաստանի և Հայաստանի միջև կա աննախադեպ ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն բարձրագույն և այլ մակարդակներում։

«Միայն այս տարի մեր ղեկավարները հանդիպել են երկու անգամ, բազմաթիվ հեռախոսազրույցներ են ունեցել: Մայիսի սկզբին տեղի ունեցավ իմ այցը Երեւան: Իրականացվում են միջխորհրդարանական փոխայցելություններ:

Կորոնավիրուսի համաճարակի հետևանքների հաղթահարման նպատակով Ռուսաստանը Հայաստան է մատակարարել մի քանի տասնյակ հազար դեղաչափ «Սպուտնիկ V» պատվաստանյութ: Քննարկում ենք հետագա աջակցության հարցը։ Հաջողությամբ զարգացնում ենք առևտրային և տնտեսական կապերը, ինչին նպաստում են տնտեսական համագործակցության հարցով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների պարբերական հանդիպումները»,- եզրափակել է Լավրովը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio