Ռուբեն Ռուբինյան Մեր դաշնակիցները մեզ կոչ են արել չսրել իրավիճակը
Հայաստանի իշխանությունն ակնկալում է, որ դաշնակիցները, որոնք ՀՀ հետ կապված են հստակ կարգավորված փոխպարտավորություններով, այդ թվում՝ ռազմական, կաջակցեն այսօր ստեղծված գործընթացում։
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
Ըստ նրա՝ Գեղարքունիքում տեղի ունեցածը դժբախտ պատահար չէ, ինչպես ադրբեջանական կողմն է փորձում ներկայացնել, դա ադրբեջանական ագրեսիայի հետևանք է։
«Այս իրավիճակի ամենասկզբում Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին երկրորդ հոդվածով և սկսել է խորհրդակցություններ։ Եվ մեր դիրքորոշումը հետևյալն է՝ ադրբեջանական զինվորները պետք է հեռանան Հայաստանի սուվերեն տարածքից։ Եվ Հայաստանը փորձել է և փորձում է խնդիրն առաջին հերթին լուծել քաղաքական, դիվանագիտական ճանապարհներով, ինչը չի նշանակում, որ դա տեղի չունենալու դեպքում չեն կարող լինել այլ լուծումներ։ Մենք ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները, որոնք մեզ հետ կապված են հստակ կարգավորված փոխպարտավորություններով, այդ թվում՝ ռազմական, կաջակցեն մեզ այս գործընթացում։ Այս համատեքստում պետք է նաև նշեմ, որ Հայաստանից տարբեր ընդդիմադիր շրջանակներից հնչում են հետևյալ մտքերը, որ՝ ինչո՞ւ պետք է մեր դաշնակիցները մեզ օգնեն, եթե հայկական կողմը չի կրակում։ Այստեղ հարկ եմ համարում ուշադրություն հրավիրել հետևյալ հանգամանքների վրա։ Նախ հենց մեր դաշնակիցներն են կոչ արել և անում չսրել իրավիճակը և փորձել խնդիրը լուծել դիվանագիտական և քաղաքական ճանապարհներով։ Երկրորդ, այն դաշնակցային ֆորմատները, որոնցում մենք ներգրավված ենք, ունեն հստակ նախատեսած հոդվածներ՝ հստակ դեպքերի վերաբերյալ։ Եվ մենք ոչ թե ոչ մի բան չանելով՝ խնդրում ենք մեզ օգնել, այլ մենք դիմել ենք հստակ փաստաթղթերի հիման վրա՝ հստակ հոդվածով»,- ասաց Ռուբինյանը։
Նա նշեց, որ հաշվի առնելով վերջին զարգացումները, չի բացառում, որ հայկական կողմը կդիմի ՀԱՊԿ-ին նաև չորրորդ հոդվածով։
Ըստ Ռուբինյանի՝ ներկայիս ստստուս-քվոն անընդունելի է Հայաստանի համար, բայց օպերատիվ իրավիճակը սահմանային այդ հատվածներում գտնվում է մեր զինծառայողների հսկողության տակ։
lragir.am