ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազներն անդրադարձել են հրադադարի խախտումներին արձագանքման պայմանավորվածություններին
https://parstoday.ir/hy/news/armenia-i142450-ՀՀ_և_ՌԴ_գլխավոր_դատախազներն_անդրադարձել_են_հրադադարի_խախտումներին_արձագանքման_պայմանավորվածություններին
Սանկտ Պետերբուրգում հունիսի 3-ին կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ, որը երրորդն էր ընթացիկ տարվա ընթացքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2021 08:07 Asia/Tehran
  • ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազներն անդրադարձել են հրադադարի խախտումներին արձագանքման պայմանավորվածություններին

Սանկտ Պետերբուրգում հունիսի 3-ին կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ, որը երրորդն էր ընթացիկ տարվա ընթացքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից,  քննարկվել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև ձևավորված ամուր գործընկերային հարաբերությունների զարգացմանը, քրեական գործերով իրավական փոխօգնության, հանձնման ոլորտներում, ինչպես նաև միջազգային հանցավորության դեմ պայքարում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ըստ աղբյուրի՝ կողմերն արձանագրել են երկկողմ կապերի սերտացմանն ուղղված հատկապես վերջին շրջանում արձանագրվող դրական միտումները, որոնք համարժեք են երկու երկրների ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների ոգուն:

Արձանագրվել է, որ երկու կառույցների միջև փոխհարաբերութունների բնույթն այնպիսին է, որ թույլ է տալիս  փոխադարձ վստահության և կառուցողականության հիմքի վրա հնարավորինս արագ համատեղ լուծելու միջազգային համաձայնագրերով կարգավորման ոչ միշտ ենթակա խնդիրները:

«Գլխավոր դատախազներն անդրադարձել են ՀՀ տարածքում սահմանապահ, իսկ Արցախի Հանրապետությունում խաղաղարար առաքելություն իրականացնող ռուսական զինվորական անձնակազմերի քրեաիրավական պաշտպանության շրջանակում ծառայություն իրականացնող ՌԴ դատախազության և քննչական մարմնի աշխատակիցների և Հայաստանի, Արցախի իրավապահ մարմինների միջև գործակցության մեխանիզմներին, հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի բացառման կամ տեղի ունեցած նման դեպքերի օպերատիվ արձանագրման և արձագանքման  կապակցությամբ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

   ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է հատկապես 2020թ. տեղի ունեցած Արցախյան պատերազմից հետո առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը, ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած և զոհված զինծառայողներին հայտնաբերելու, նրանց վերաբերյալ տվյալների ճշգրտման գործընթացում ՌԴ գլխավոր դատախազության և անձամբ Իգոր Կրասնովի շահագրգիռ և սրտացավ ներգրավվածությունը:

ՀՀ դատախազությունից հայտնում են, որ անդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև միջազգային իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն Ադրբեջանում պահվող, գերեվարված հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց վերադարձման, նրանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը: Արթուր Դավթյանն ընդգծել է, որ հայտարարության 8-րդ կետի լիարժեք կատարումը և հումանիտար բնույթի խնդիրների լուծումը կարող են բավարար երաշխիք դառնալ տարածաշրջանում խաղաղության, տնտեսական և այլ ոլորտներում արդյունավետ և անվտանգ համագործակցության համար:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով ռուսական կողմի միջնորդական ջանքերով շարունակել պարբերական շփումները բարձրացված խնդիրների լուծումները գտնելու ուղղությամբ:

Հանդիպման արդյունքում Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների 2021-2025թթ. համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ հուշագիր:

Այդ առաջնահերթություններից են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունները, ահաբեկչությունը և ծայրահեղականությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումը, արտերկրից ակտիվների վերադարձը, զենքի, պայթուցիկ նյութերի և սարքերի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը, կոռուպցիան, նացիզմի, նեոնացիզմի հերոսացման դեմ պայքարը և այլն:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio